Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահ կնշանակվի՞

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի հանրային խորհրդի նախագահ։ Այդ հարցը կքննարկվի կառավարության վաղվա նիստի ընթացքում:

Factor.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց․ «Այո, ինձ նման առաջարկ արվել է, և ես այն ընդունել եմ։ Մնացածն արդեն վարչապետի որոշման տիրույթում է»։

Հարցին, թե երբ է արվել այդ առաջարկը, Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց, որ դա էական չէ։

Նշենք, որ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետև վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ 2019թ․ ապրիլի 4-ին նշանակվել էր Վազգեն Մանուկյանը, որ, սակայն, մոտ մեկ ամիս առաջ հրաժարական ներկայացրեց: