Եթե վոժդը ինչ-ինչ պատճառներով դժգոհ է կոնկրետ անձից, բոլորը՝ ոհմակային մտածելակերպով, դեմ են դուրս գալիս նրան. սա նաև ՀՀԿ ժամանակ կար. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

Պարո՛ն Վարդանյան, երեկվանից բուռն քննարկման առարկա է դարձել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը, որով պատրաստվում են անվստահություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ձեր դիտարկմամբ՝ այս որոշման հիմքում ի՞նչ է ընկած, ու ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

– Սա հետևանք է այն բանի, որ Հայկ Մարությանը խզել է բոլոր կապերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ու իշխող ուժը փորձում է այսպիսով պատժել նրան և յուրային մեկին դարձնել քաղաքապետ:

Իմ կարծիքով՝ իշխանությունը շատ սխալ ժամանակ է ընտրել քաղաքապետ փոխելու համար, ու, ընդհանրապես, պետք չէր քաղաքապետ փոխել, որովհետև, անկախ ամեն ինչից, Հայկ Մարությանը բավականին լավ է աշխատում, ու պետք է հնարավորություն տալ, որ նա իր ծրագրերն ավարտին հասցնի, իսկ ավարտին մնացել է երկու տարի:

Ձեր կարծիքով՝ օրեր առաջ հրապարակված հոդվածը, որ Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ի՞նչ նպատակով հրապարակվեց, որին հաջորդեց այս նախաձեռնությունը:

– Հող էր նախապատրաստվում այս ամենի համար: Անստորագիր հոդված էր, ու քանի որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում էր հրապարակվել, ակնհայտ է, որ փորձում էին Հայկ Մարությանի դեմ արշավ սկսել, որպեսզի հասարակությունը ցավոտ չտանի նրա հեռացումը:

Ակնհայտ է, որ վերջին երկու տարում հասարակության մի ստվար զանգված Մարությանի հանդեպ բավականին լավ վերաբերմունք ունի, ու իշխանությունն իրեն բնորոշ ոճով, երբ ուզում է ինչ-որ մեկին սևացնել, այդ մարդուն կապում է Քոչարյանի, նախկինների հետ: Այս անգամ էլ նույն 37 թվականի ոճով հոդված էին գրել, որպեսզի հասարակությունը նախապատրաստվեր:

– Նման գործողությունները իշխանության ի՞նչ որակների մասին են վկայում, պարո՛ն Վարդանյան:

– Իշխանությունը վաղուց է ցույց տվել, որ ունի թայֆաբազական մտածելակերպ, նրանց այդքան էլ չեն հետաքրքրում ո՛չ հանրային շահը, ո՛չ պետական շահը, ու մենք տեսնում ենք, որ շատ հաճախ պաշտոնների նշանակելիս առաջնորդվում են ոչ թե տվյալ անձի կարողություններով, այլ թե այդ մարդը ինչքանով է հավատարիմ Նիկոլ Փաշինյանին ու ինչքանով է գլուխը կախ կատարում մեկ մարդու կողմից տրված հրահանգները. սա դասական թայֆաբազական մտածելակերպ է:

– Համակարծի՞ք եք նախկին իմքայլական որոշ անձանց հետ, որ իշխանությունը հետևողականորեն հեռացնում է Հայկ Մարությանին, քանի որ նա միակն է, որ հավատարիմ է մնացել հեղափոխական արժեքներին:

– Չէի ասի, թե միակն է, իշխանության շարքերում էլի կան մարդիկ՝ քիչ, բայց կան: Ուղղակի Հայկ Մարությանն այլևս չի խաղում իշխանական թայֆայական մտածելակերպի կանոններով, ինչը ժամանակին, ի դեպ, կար նաև ՀՀԿ իշխանության տարիներին:

Այն ժամանակ էլ եթե վոժդը՝ գերագույն առաջնորդը, ինչ-ինչ պատճառներով դժգոհ էր կոնկրետ անձից, ապա բոլորը՝ ոհմակային մտածելակերպով, դեմ էին դուրս գալիս նրան՝ անկախ նրա լավ կամ վատ աշխատանքից: Հայկ Մարությանի գլխավոր «հանցանքն» այն է, որ անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո դուրս է եկել իշխող ուժի շարքերից ու չի սատարում նրանց:

– Կհաջողվի՞ իշխանությանը պաշտոնանկ անել քաղաքապետին:

– Մարությանին հեռացնելը շատ հեշտ է, քանի որ իշխանությունն ունի հավատարիմ բանակ, որը պատրաստ է հնազանդորեն կատարել ղեկավարի հրահանգները: Ավագանիում իրենք ունեն բավարար թվով մարդիկ՝ Մարությանին պաշտոնանկ անելու համար:

Սա նրանց համար տեխնիկական հարց է, նրանք ավելի շատ վախենում են հանրային արձագանքից, քանի որ Մարությանը բավականին մեծ լեգիտիմությամբ օժտված քաղաքապետ է, իսկ այդ հարցը լուծելու համար գործի է դրել 37 թվի ոճով կեղծ ու կեղտոտ հոդվածների հրապարակումը:

– Պարո՛ն Վարդանյան, կոնկրետ այս ու նման գործողություններն ի՞նչ հետևանք են ունենալու հենց իշխանության համար:

– Իշխանությունը չի էլ հասկանում, որ օր օրի իր վարկանիշը գցում է հենց այսպիսի քայլերով: Մենք տեսնում ենք, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո՝ ռեպրեսիվ մեթոդներով, իրավական համակարգը քաղաքական նպատակների համար օգտագործելով, ամեն կերպ փորձում են իրենց նպատակներին հասնել: Մարդիկ տեսնելով այս ռեպրեսիվ մեթոդները՝ հաջորդ ընտրություններին չեն ընտրելու այս իշխանությանը, իսկ վերջիններիս թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով, տնտեսական մի քանի տոկոս աճ ապահովելով իրենց կհաջողվի վերարտադրվել:

– Իսկ կատարվողը որքանո՞վ է բխում ժողովրդավարությունից, չէ՞ որ իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է:

– Իշխանության ներկայացուցիչներն իրենց միֆերով են պատել ու իրականությանը չեն առերեսվում, մինչդեռ Հայաստանը երբեք էլ չի եղել ժողովրդավարության բաստիոն: Այո՛, իհարկե, ընտրությունների ազատ ու արդար անցկացումը շատ կարևոր քայլ էր, բայց ժողովրդավարության վերջնական հաղթանակի համար բազմաթիվ այլ գործոններ են անհրաժեշտ:

Ու պատահական չէ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վերջին ժամանակներս խստացրել են իրենց քննադատությունը իշխանության հանդեպ՝ որոշ հակաժողովրդավարական գործողություններ իրականացնելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am