«Սահմանափակումներին զուգահեռ պետք է շարունակել նաև ծխախոտի գները կտրուկ բարձրացնել». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

 – Պարո՛ն Մելիք-Նուբարյան, «հակածխախոտային» հայտնի օրենքով՝ մարտի 15-ից հանրային սննդի փակ և բաց կետերում ծխելը կարգելվի: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:

– Սա ճիշտ ուղղություն է, որովհետև այդ ճանապարհն ապացուցել է իր արդյունավետությունը, հատկապես ավելի երիտասարդներին ծխել սկսելուց պաշտպանելու ուղղությամբ, այս առումով, միանշանակ, ճիշտ ճանապարհ է: Որքան հնարավոր է՝ պետք է շարունակենք ծխախոտի դեմ պայքարը, այդ թվում նաև՝ ծխախոտի գների բարձրացման մասով, որովհետև Հայաստանում դրանք ամենացածր գին ունեցող ապրանքներից են:

Միջազգային փորձո՞վ է ապացուցվել այդ արդյունավետությունը: Արտասահմանում ի՞նչ եղանակներով է կյանքի կոչվել այս սահմանափակումը:

– Այո՛, շատ երկրներում բացօթյա տարածքներում ևս ծխելն արգելված է, բայց կան երկրներ, որոնք թույլատրում են սրճարաններում դուրսը ծխել, ինչն ավելի շատ մշակութային հարց է՝ տվյալ երկրի հասարակության մշակույթի ու ընկալումների հետ կապված:

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ամենածխող ազգերից մեկն ենք, ու այն, ինչ իրականացվում է Եվրոպայում, որտեղ ծխողները շատ չեն, մեզ մոտ այնքան էլ կիրառելի չի լինի, նկատի ունեմ նեղ մոտեցման տեսանկյունից:

Իսկ Հայաստանում հնարավոր կլինի՞ այս սահմանափակումը կյանքի կոչել, պարո՛ն Մելիք-Նուբարյան:

– Այդ առումով, անկեղծ ասած, կդժվարանամ որևէ բան ասել: Կառավարությունն ինքը պետք է գնահատի՝ որքանո՞վ է իրատեսական համարում արգելքների կիրառումը, որովհետև նույն քովիդի արգելքների հետ կապված՝ մենք տեսանք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէր, հետևաբար այստեղ կառավարությունը պետք է շատ լուրջ ուսումնասիրություն անի ու հասկանա՝ որքանով է հնարավոր դա կյանքի կոչել: Բայց որ միանշանակ ճիշտ ճանապարհ ու մոտեցում է, երկրորդ կարծիք լինել չի կարող:

Փաստորեն, կարծում եք, որ այս սահմանափակումը կկանխի՞ ծխողների թվաքանակի աճը մեզանում:

– Այո՛, և՛ կանխել, որ դեռահասները չծխեն, և՛ նպաստել, որ մարդիկ թողնեն ծխելը, որովհետև հանրային սննդի կետերը ժամանցի վայրեր են, մարդիկ գնում են այնտեղ լիցքաթափվելու, ժամանակ անցկացնելու ու դրա հետ մեկտեղ սկսում են նաև ծխել, հետո գալիս են տուն, կենցաղային բան եմ ասում, բայց կարևոր բաներ են սրանք, զգում են, որ ոտքից գլուխ ծխի հոտով են պարուրված: Ծխող մարդը գալիս է տուն ու շարունակում է ծխել, իսկ երբ արդեն արգելված կլինի ծխելը, իրենք էլ կսկսեն քիչ ծխել, որովհետև ծխելու համար պետք է դուրս գան և, օրինակ՝ 15 մետր հեռանան:

Այսպիսի փոքր բաներից է սկսվում ամեն ինչ, մյուսը՝ նորից եմ ասում, պետք է շարունակել ծխախոտի գները կտրուկ բարձրացնել, մի խոսքով՝ ստեղծել միջավայր, որը չի նպաստի ծխելուն, և այս ամենի հետ մեկտեղ պետք է մեր մշակույթը փոխենք, որ ծխելը հասարակության մեջ դառնա հանրայնորեն մերժելի արարք, իսկ մենք դրան հասնելու դեռ երկար ճանապարհ ունենք, բայց պետք է սկսենք, այդ թվում՝ նման օրենքներով:

– Այս սահմանափակումն արդյոք ծխողների իրավունքների ոտնահարո՞ւմ չէ:

– Ամենայն հարգանքով ծխողների իրավունքների նկատմամբ՝ բայց պետք է գիտակցել, որ հանրային շահը, այդ առումով, ավելի գերակա է, քան առանձին ծխող մարդկանց, որովհետև ժամանցի վայրեր այցելում են ոչ միայն ծխողները, այլ նաև չծխողներն իրենց ընտանիքներով, այդ թվում նաև՝ մանկահասակ երեխաներով: Խոսքն այստեղ բոլորի իրավունքների հավասար պաշտպանության մասին է, իսկ ծխողները, խնդրեմ, կարող են չայցելել, եթե մտածում են, որ պետք է անպայման ծխեն:

Այլընտրանք միշտ կա, թող հավաքվեն իրենց տներում, որովհետև հանրության շահն այս դեպքում ավելի գերակա է, քան առանձին ծխողների շահը: Երկրորդային ծխի մասին, կարծում եմ, մարդիկ գիտեն, եթե չգիտեն էլ՝ ասեմ, որ երկրորդային ծուխը քաղցկեղի զգալի տոկոսի պատճառ է կազմում, իսկ երկրորդային ծխի, այսպես ասած, շահառուները մեր հասարակության պաշտպանության կարիքն ունեցող մարդիկ են, մասնավորապես, երեխաները, դեռահասները, հղի կանայք:

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, որպեսզի այս սահմանափակումն արդյունավետ լինի ու ծառայի նպատակին, վերահսկողությունն ինչպե՞ս պետք է կատարվի:

– Այստեղ կա երկու բաղադրիչ՝ հանրային պահանջի ձևավորում, այսինքն՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ սա կարևոր նորամուծություն է, որն ունի մեկ սկզբունքային նպատակ՝ պաշտպանել մեր ու հաջորդ սերունդների առողջությունը, որից հետո էլ օպերատիվ ոլորտում պետք է հասկանալ՝ կա՞ այդ հնարավորությունը, որպեսզի սահմանափակումը կյանքի կոչվի:

Համակարգային մոտեցում է պետք վերահսկողության առումով:

– Նույն QR կոդերի սահմանափակման դեպքում՝ մի շարք ռեստորաններ բոյկոտեցին այդ որոշումն ու չեն պահանջում կանաչ անձնագիր, վայրեր էլ կան, որոնք չեն բոյկոտել, բայց կրկին չեն պահանջում: Հիմա, եթե նույնը այս սահմանափակման պարագայում լինի, դուք կողմ կլինե՞ք ավելի կոշտ ուժի կիրառման՝ տնտեսվարողի նկատմամբ:

– Լավ հարց եք տալիս, ես դրան անդրադարձել եմ, կհիշե՞ք, ձեզ հետ զրույցում էլ ասացի, որ ռեստորանի տերերը կարող են շատ չանհանգստանալ այդ սահմանափակմամբ, ու կյանքը ցույց տվեց, որ այդպես էլ եղավ: Ասել եմ նաև, որ եթե մի սահմանափակում է ներդրվում, որի վերահսկողությունը չենք կարող իրականացնել, դա բոլոր գործողությունների նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու է, նույնը կարող եմ ասել այս դեպքում:

Կրկնեմ, որ անհրաժեշտ է շատ լուրջ ուսումնասիրել՝ որքան է հնարավոր իրական կյանքում սահմանել այդ վերահսկողությունը, հակառակ դեպքում դիսոնանս է առաջանալու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am