ՄԱԿ-ի ներկայացուցչի վերաբերյալ որոշումն ինձ ուրախացնում է, և մենք սկսում ենք նմանվել նորմալ պետության. Արման Նավասարդյան

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հեռանալուց հետո ՀՀ ԱԳ նախարարությունը այսօր հայտարարեց, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել, ինչի պատճառով էլ կառավարությունը որոշել է դադարեցնել նրա գործունեությունը Հայաստանում: 

ԱԳՆ-ի այս հայտարարությունը հաջորդեց այն տեղեկություններին, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս մասին լռում են:

«Մեդիալաբն» այս և այլ հարցերի շուրջ հարցեր է ուղղել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին:

– Պարո՛ն Նավասարդյան, որպես արտակարգ եւ լիազոր դեսպան, քաջածանոթ եք ընթացակարգերին, այս գործընթացն ի՞նչ է նշանակում:

– Դա կարող է տարբեր բաներ նշանակել, և բացատրություն գտնելը շատ դժվար է, որովհետև բուն պատճառը, ինչի համար այս որոշումը կայացվել է, երբեք չի իմացվի: 

Սա գործնական և գործառութային կոնֆիդենցիալ բնույթ ունի: Թե ինչու է նա հեռացվել, կարող են իմանալ մեկ կամ երկու հոգի: Ենթադրություններ, այո՛, շատ կարելի է անել: Նման բաներ շատ են լինում դիվանագիտական հարաբերություններում:

– Հայաստանում նման առաջի՞ն դեպքն է:

– Իմ հիշելով՝ նման բան չի եղել Հայաստանում: Դա, անկեղծ ասած, ինձ ուրախացնում է: Ինչո՛ւ է ուրախացնում: Մենք սկսում ենք նմանվել նորմալ պետության, նորմալ արտաքին գործերի նախարարության, որը դիմում է նման քայլերի: 

Մյուս կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը առանձնապես ֆունկցիոնալ մեծ նշանակություն չունի Հայաստանի համար: Հիմա թե այդ կինը ինչո՞վ է զբաղվել, քիչ բացատրություն կա: Նախ՝ նա անպայման պետք է դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցած լինի, բայց այդ մասին չի նշվում: Պաշտոնական ձևակերպումն այն է, որ նա վատ է աշխատել: 

Ըստ երևույթին, ճիշտ է այդկերպ ներկայացնելը, որովհետև եթե նա իրոք իրեն թույլ է տվել զանցառություն կամ լրտեսական աշխատանք, ու նրան աղմուկ-աղաղակով ճանապարհեին Հայաստանից, ապա Միացյալ Թագավորության կողմից պետք է լիներ համապատասխան քայլ: 

Եթե Հայաստանը նման քայլի գնար, ապա այդ երկրի կողմից, որը ներկայացնում էր այդ կինը, պետք է պատասխան ստանար, քանի որ իր աշխատակցի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվում:

– ՄԱԿ-ի ներկայացուցչի աշխատանքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը հետևյալն է՝ «իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել»: Հնարավո՞ր է դա պայմանավորված է պատերազմի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պասիվությամբ:

– Ես, անկեղծ ասած, ուշադրություն չեմ դարձրել դրան: Եթե այդպես է եղել, հիմա պատասխան է տրվում: Ես կրկնում եմ իմ ասածը՝ կատարվածը շատ լավ է: Նորմալ միջազգային իրավունքի սուբյեկտ պետությունները այսկերպ են վարվում: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրը կորցնում է իր սուբյեկտայնությունը: 

– Պատերազմից հետո՞ նկատի ունեք:

– Այո՛, այն, ինչ կատարվում է տարածաշրջանում ու այդ համատեքստում՝ Հայաստանում: Նկատի ունեմ նաև Սյունիքը, հիմա ինչ-որ սկսել են Տավուշի մասին խոսել, նկատի ունեմ գերիների խնդիրը… 

Մաքս Վեբերը մի հայտնի տեսություն ուներ, որը պետության համար կարևորում էր երկու կարևոր բաղկացուցիչ՝ ներքին ինքնիշխանություն և արտաքին իշխանություն՝ արտաքին սուվերենություն: Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ դուք պետության ներսում այդ սուվերենության սկզբունքները տեսնո՞ւմ եք: 

Վստահ եմ՝ չեք տեսնում: Դուք գտնում եք, որ մեր պետությունը նորմա՞լ է աշխատում: Արտաքին սուվերենության հարցում կա երեք կարևոր բաղադրիչ՝ սահմանները, տարածքային ամբողջականությունը, որը ամեն քայլափոխին խախտվում է, և անվտանգության հարցը: 

Եթե գյուղերում թեկուզ 10 մետր այն կողմ կանգնում ու օդ են կրակում, դա ի՞նչ է, դա չի՞ նշանակում, որ ՀՀ քաղաքացու անվտանգությունը դրվում է հարցականի տակ: Այսինքն՝ արտաքին սուվերենության բոլոր երեք սկզբունքները խախտվում են: 

Այս ամենը բերում է շատ վտանգավոր միտումի՝ մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք որպես պետություն, որպես ՄԱԿ-ի անդամ: Մենք սուբյեկտ ենք: Եվ երբ իմ նշած կանոնները, գործոնները խախտվում են, այդ սուբյեկտայնությունը շատ սահուն կարող է փոխվել օբյեկտայնության: 

Այս դեպքում դադարում ենք ինքնուրույն պետություն լինելուց: Եվ հիմա այն, ինչ կատարվում է, այդ վտանգն է իր մեջ պարունակում, և մեր խնդիրները լուծում են բոլորովին այլ պետություններ:

– Լավ, ստեղծված իրավիճակը ի՞նչը կարող է փրկել կամ փոխել:

– Ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ կան խնդիրներ, և մեր թիվ մեկ խնդիրը այդ ինը կետանոց հայտարարությունն է, որը ես կապիտուլյացիոն փաստաթուղթ եմ անվանում: 

Ես հետազոտել եմ այդ փաստաթուղթը, և այդ կետերից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի ազգային և պետական շահին: Այսինքն՝ դա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է վերաբանակցվի, վերաքննարկվի ու վերախմբագրվի: Իսկ դա կարող է անել միայն ու միայն շատ ուժեղ բանակցային թիմը: 

Իշխանության եղած անձինք պարզապես չեն կարող անել դա: Ամբողջ ցավը հենց դա է: Ես նրանցից որևէ մեկի դեմ ոչինչ չունեմ և շատ օբյեկտիվ եմ դատում: 

Պետք է գա նոր թիմ, որը կարողանա աշխատել, աշխատել Ռուսաստանի ու մյուս պետությունների հետ: Կարողանան աշխատել, դա հիմա շատ կարևոր է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am