Համացանցում տարածված տեսանյութը կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերը․ ՔԿԾ-ն պարզաբանում է տարածել

Տեսանյութը նկարահանվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը, տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող Դ․Ա․-ն 2024 թվականի հունվարի 8-ին ազատվել է ծառայությունից։ 

Այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունն՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։

«Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր, քանի որ տեսանյութում պատկերված դատապարտյալ Լ․Մ․-ն 2022 թվականի սեպտեմբերի 9-ին պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ 2022թ․ սեպտեմբերի 9-ից հետո վերջինս քրեակատարողական հիմնարկում չէր կարող գտնվել և այդ տեսանյութում չէր կարող պատկերվել։

Միաժամանակ իրազեկում ենք, որ տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող Դ․Ա․-ն Քրեակատարողական ծառայության պետի 08․01․2024թ․ հրամանով ազատվել է ծառայությունից»,- ասված է պարզաբանման մեջ։