Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունները, սակայն դրանց հաջորդ փուլի անցկացման ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին նա ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

Պուտինը Շենժենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անվանել է «օգտակար»՝ նշելով, որ կողմերի միջև լիակատար փոխըմբռնում է եղել։ Նրա խոսքով՝ քննարկվել են ուկրաինական ճգնաժամը, Մերձավոր Արևելքի և Կորեական թերակղզու իրավիճակը, ինչպես նաև միջազգային անվտանգության և միջուկային զենքի տարածման կանխարգելման հարցերը։

Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցություններին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդունել է ամերիկյան կողմի՝ դեռևս 2025 թվականին առաջարկած փոխզիջումները։ Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են ընդունել այդ առաջարկները։

ՌԴ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը և ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել եվրոպական անվտանգության համակարգի վերաբերյալ իր պահանջները, սակայն նման բանակցություններն առանց եվրոպական երկրների մասնակցության անիմաստ են։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան զիջումների չի գնա Եվրոպայում անվտանգության համակարգի ձևավորման հարցում, միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը չի ձգտում պատերազմի Եվրոպայի հետ։

Անդրադառնալով Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածներին՝ Պուտինը սպառնացել է, որ Մոսկվայի պատասխանը Կիևի համար ցավոտ կլինի։

«Ինչ վերաբերում է փոխզիջումներին, իհարկե, դրանք կան, իսկ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Ամերիկյան կողմը հանդես է եղել առաջարկներով, այդ թվում՝ Ալյասկայում, մենք համաձայնել ենք դրանց: Հարցն այն է՝ արդյո՞ք հակամարտության մյուս կողմերը՝ Ուկրաինան և, ասենք, տվյալ դեպքում՝ նրանց եվրոպացի հովանավորները, կցանկանան համաձայնել այդ փոխզիջումներին։ Այսինքն՝ կցանկանա՞ն արդյոք խաղաղ միջոցներով պայմանավորվածության հասնել ռազմական գործողությունների դադարեցման, պատերազմի ավարտի շուրջ, թե՞ ոչ։ Դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, այս պահին՝ ոչ», – հայտարարել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ անվտանգության համակարգի վերաբերյալ Ռուսաստանի պահանջներն օրինական են, և Մոսկվան պատրաստ է դրանք քննարկել, սակայն առանց եվրոպացիների դա անիմաստ է։

«Խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի անվտանգության մասին է։ Մենք ընդունում ենք, որ Ուկրաինան, ինչպես և Ռուսաստանը, անվտանգության իրավունք ունի։ Պարզապես ոչ ոք չի ցանկանում քննարկել Ռուսաստանի անվտանգությունը։ Մեզ համար սա, մեղմ ասած, էական հանգամանք է», – ասել է Պուտինը։