33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել․ Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում շուրջ մեկուկես տարի քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ վերջինիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

2018թ. նոյեմբերի 1-ին 33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ մի խումբ անձանց կողմից 33-ամյա տղամարդուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ:

2020թ. մայիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետով և 334-րդ հոդվածի (հանցագործությունը պարտակելը) 1-ին մասով, որը նույն օրը միացվել է վերոնշյալ քրեական գործին:

Կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործությունները կատարած անձանց ինքնությունը, որոնք անմիջապես վերցվել են հսկողության տակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2020թ. մայիսի 27-ին 4 անձ միաժամանակյա բերման է ենթարկվել:
Նույն օրը նրանցից 2-ը ձերբակալվել են՝ 33-ամյա տղամարդու սպանության կասկածանքով, իսկ մյուս 2-ը՝ ենթադրյալ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: