Հեծանվորդ տեսնելիս ազդանշան են տալիս կամ գոռում հետևից. չնայած վերաբերմունքին` Երևանը հեծանվային կայանատեղիներ կունենա

Հեծանվորդ տեսնելիս ազդանշան են տալիս կամ գոռում հետևից. չնայած վերաբերմունքին` Երևանը հեծանվային կայանատեղիներ կունենա
Հեծանվորդ տեսնելիս ազդանշան են տալիս կամ գոռում հետևից. չնայած վերաբերմունքին` Երևանը հեծանվային կայանատեղիներ կունենա

Առողջ ապրելակերպի կողմնակիցներն ու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց օգտագործող երևանցիներն ապրիլի 7-ից Երևանում կունենան իրենց առաջին հեծանվային կայանատեղին:
Հայաստանում համատարած թանկարժեք մեքենաների մոլուցքին և երկարապոչ խցանումներին որպես այլընտրանք, քաղաքակիրթ աշխարհում ամենահարգի և կիրառվող էկոփոխադրամիջոցի կողմնակիցները մտադրություն ունեն ժամանակի ընթացքում փոխել մարդկանց պատկերացումները:

«Հույս ունենք, որ պետական մակարդակով այս տրանսպորտային փոխադրամիջոցը կդառնա նաև մեր հասարակության մեջ ընդունելի ու սովորական: Եվ մարդիկ չեն նայի տարօրինակ հայացքով քաղաքում անցնող հեծանվորդներին»,- ասում է ՀՀ սպորտի վարպետ, հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը:

«Հեծանիվ պլյուս» էկոմարզական հասարակական կազմակերպությունը, ունենալով շուրջ 250 ակտիվ անդամ, այս ծրագիրը նախաձեռնել է մասնավորապես բուհերի ուսանողների համար:

Հայաստանի երիտասարդական ծրագրերի հիմնադրամից ստանալով 300 հազար դրամ դրամաշնորհ` «Հեծանիվ պլյուսը» կառուցում է 2 կայանատեղի` առաջինը ԵՊՀ-ի 18 հեծանիվի համար, երկրորդը` Ֆրանսիական համալսարանի մոտ` 10 հեծանիվի համար: Կայանատեղիներում կլինեն նաև տեսախցիկներ հեծանիվների անվտանգությունն ապահովելու համար:

«Շատ ուսանողներ կան, որոնք չեն կարողանում հեծանիվով դասի գնալ, քանի որ կայանելու պայմաններ չկան: Դրա համար առաջինը կառուցել ենք պետական համալսարանի մոտ, որտեղ շատ ակտիվ անդամներ ունենք: Իսկ այն ուսանողները, ովքեր տեղյակ չեն հեծանվային մշակույթի մասին, տեսնելով սա` կընդօրինակեն»,- ասում է Սամվելը:

Երևանի խիտ երթևեկության պայմաններում Սամվել Հովհաննիսյանն իր հեծանվորդ ընկերների հետ դեռևս 2007-ին սկսեց հեծանվային շարժումը և հիմնեց «Հեծանիվ պլյուս» հասարակական կազմակերպությունը:

Հեծանվային կուլտուրան` որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց քարոզելու նպատակով նրանք անցկացրել են բազմաթիվ բնապահպանական արշավներ և ակցիաներ` ի պաշտպանություն Գառնու քարերի սիմֆոնիայի, Թեղուտի անտառի, Սևանի, Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի այգու:

«Հինգ տարի առաջ ես մատներիս վրա կարող էի հաշվել, թե Երևանում քանի հեծանվորդ կա: Իսկ այսօր այնքան են շատացել, որ շատերին չեմ ճանաչում»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը:

32-ամյա Վահե Վարդումյանը, ով «Հեծանիվ պլյուս» ՀԿ հիմնադիրներից է, արդեն 3 տարի է, ինչ երկանիվն օգտագործում է որպես ճանապարհատրանսպորտային փոխադրամիջոց:

«Մեկ շաբաթ է` հեծանիվով աշխատավայր եմ գնում, որի հեռավորությունը իմ տնից 10 կմ է: Պարզապես Երևանում բարձունքներն են շատ, և դա մի քիչ բարդություն է ստեղծում»,- ասում է Վահեն:

Ամեն շաբաթ Ծիծեռնակաբերդի բարձունքում «Հեծանիվ պլյուսի» ակտիվիստներն անցկացնում են նաև անվճար հեծանվային դասընթացներ բոլոր ցանկացողների համար` առանց տարիքային սահմանափակման: Տրամադրում են հեծանիվներ, ինչպես նաև սովորեցնում երթևեկության կանոնները:

«Երևանում հեծանիվ վարելիս խոչընդոտները հիմնականում ավտոմեքենաների վարորդների հետ են լինում: Մեր հասարակությունում շատերի համար անսովոր է, որ հեծանիվը նույնպես փոխադրամիջոց է և պետք է երթևեկի փողոցում իրենց հետ հավասար կանոններով: Շատերը հեծանվորդ տեսնելիս ազդանշան են տալիս կամ հետևից գոռում, թե ինչու է դուրս եկել փողոց»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, Երևանում հեծանվորդների թիվը տարեցտարի աճում է, մասնավորապես` երիտասարդների շրջանում:

«Արշավներ ու դասընթացներ կազմակերպելով` մարդկանց սովորեցնում ենք առօրյայում հաճախ հեծանիվ վարել, որպեսզի ապրեն առողջ ու չվնասեն բնությանը»,- ասում է նա:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները՝ Արեգ Վարդանյան

© Medialab.am