Իրանը պատասխանում ու պատժում է իր դեմ թշնամական գործողություններ իրականացնող դերակատարներին. Արմեն Պետրոսյան

Լուսնակարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, արդեն ավելի քան 100 օր է՝ շարունակվում է պատերազմը Գազայի հատվածում: Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս, կարծես, ուղիղ մասնակցություն է դրսևորում այդ պատերազմում՝ հրթիռային հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբերի ճամբարներին, նախօրեին էլ բալիստիկ հրթիռներով հարվածել էր նաև Իրաքյան Քրդստանին՝ խոցելով իսրայելական ու ամերիկյան օբյեկտներ։ Իրանի կողմից այս քայլերն ինչի՞ մասին են վկայում։

– Իրանի վերջին գործողություններն այնքան էլ կապված չեն Գազայում պատերազմի հետ, դրանք ավելի շատ պայմանավորված են հունվարի սկզբին Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմամբ ու նաև դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներով։ Այսինքն՝ Իրանի գործողությունները պայմանավորված են այդ երկու ահաբեկչական գործողություններով, սա ի պատասխան այդ երկու գործողությունների էր։ 

Ընդհանրապես, իրանական կողմը ցանկացած հարձակման կազմակերպման մեջ մեղադրում է նաև Իսրայելին: Դա է պատճառը, որ այդ իսլամական պետության կազմակերպած գործողության մեջ ևս մեղադրվեց Իսրայելը, ու երկրորդ՝ Իրաքի քրդական տարածաշրջանում հենակետի թիրախավորումը պատասխան էր Իսրայելին, երրորդը՝ Պակիստանում արդեն իրականացված գործողությունն էր, ինչը նախկինում ևս իրականացվել է։ 

Իրանի վերջին օրերի գործողությունները հիմնականում պայմանավորված էին մեկ ամսում երկրում իրականացված հարձակումներով, ու սա Իրանի համար ընդունված գործելաոճ է: Նման գործողությունները հատկապես ունեն քարոզչական մեծ նշանակություն և՛ ներքին լսարանի, և՛ տարածաշրջանի համար, քանի որ Իրանի քաղաքականության հիմնական գաղափարական առանցքը հակաիսրայելական, հակասիոնիստական, հակաիմպերիալիստական ուժերի դեմ պայքարն է, ապա Իրանը չի կարող նման գործողություններն անպատասխան թողնել, ու, անկախ այդ գործողությունների արդյունքից, շատ կարևոր է նման գործողությունների քարոզչական ֆոնը, որ Իրանը պատասխանում ու պատժում է իր դեմ թշնամական գործողություններ իրականացնող դերակատարներին։ 

Սա ընդունված գործելաոճ է, ու պարբերաբար նման քայլեր արվում են, պարզապես դրանց հետ կապված աղմուկն ավելի մեծացավ՝ տարածաշրջանում առկա լարվածությամբ պայմանավորված։ 

– Գազայում սկսված պատերազմն ավելի ընդարձակվելու ու ծավալվելու միտում ունի՞, թե՞ չէ։

– Դե, բնականաբար, այն, ինչ տեսնում ենք այս պահին՝ Կարմիր ծովում առկա լարվածությունը, այս ընթացքում կատարված տարբեր գործողությունները՝ հիմնականում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող տարբեր նավերի դեմ գործողությունները, ուղիղ հետևանք են Գազայում ընթացող պատերազմի, բայց առայժմ չեն ընդլայնվում ու չեն հասնում տարածաշրջանային մեծ մակարդակի պատերազմի, որովհետև Իրանը տուրք չի տալիս իրեն պատերազմի մեջ ներքաշելու թշնամիների փորձերին ու հիմնականում բավականաչափ զուսպ է պատասխանում՝ թույլ չտալու համար տարածաշրջանի կրակի ընդլայնում։ 

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ Իրանի կողմից արված այս վերջին գործողությունները կարո՞ղ են վերածվել պատերազմին ուղիղ միջամտության։

– Չէ՛, ես կարծում եմ, որ Իրանն ընտրում է այնպիսի թիրախներ, որոնք չեն առաջացնի տարածաշրջանում պատերազմի ընդլայնման հնարավորություններ։ Նա ընտրում է այնպիսի թիրախներ, որոնց հետևանքներն իր համար կառավարելի կլինեն։ Իրանի այս գործողությունները մեծ պատերազմի առիթ չեն դառնա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am