Գոյության տարածք. էլինան և հավերը

Ամեն օր՝ առավոտյան 7-ն անց կեսին, ինքնաշեն հավաբնի դռան ճռռոցն է լսվում։ Էլինան արթնանում է ու հավաբուն շտապում՝ հավերին կերակրելու ու վառարանը վառելու։ Էլինայի հետևից նաև 2,5 տարեկան դուստրն է վազելով հավաբուն գալիս՝ Լուսեն։ Գեղեցկադեմ ու նուրբ կազմվածքով Էլինան ընդամենը 23 տարեկան է, բայց արդեն կարող է սեփական հաջողություններից խոսել։ 

47 հավ ու 4 աքլոր է պահում։ Օրը 3-4 անգամ ձու են ածում։ Օրգանական հավեր ու ձու է վաճառում, բայց առայժմ վաճառքը մեծ չէ։

«Ցանկացողները շատ են, անընդհատ գրում են, ուզում են, որ վաճառեմ, որովհետև իմ հավերը միայն օրգանական սնունդ են ուտում, պահանջարկը մեծ է, երեխա ունեցող մայրերը ամեն օր գրում ու զանգում են»,- պատմում է Էլինան։ 

Շատերի նման Էլինայի ճակատագրի պատմության հունը փոխվեց։ Ստիպված եղավ Արցախից Հայաստան տեղափոխվել և սկսել կյանքը զրոյից՝ չունենալով ոչինչ: Ընդ որում՝ Հայաստան տեղափոխվեց երկրորդ փորձից։ Առաջին անգամ ստիպված էր ճանապարհի կեսից հետ դառնալ։ 

«Ստեփանակերտի բենզալցակայանում գազի պայթյունից հետո դեղագործ քրոջս հետ ճանապարհից հետ դարձանք, մկրատ ու սպիտակեղեն վերցրինք ու հիվանդանոց շտապեցինք՝ օգնելու մարդկանց։ Ահավոր վիճակ էր»,- պատմում է Էլինան։ 

Ծանր տպավորություններով ու ապրումներով Էլինան տուն էր վերադարձել, հետո ծնողներն են համոզել, որ իրենց հետ Հայաստան գա։ 

Էլինայի կյանքում դժվարություններ շատ են եղել։ Էլինան 20 տարեկանում ամուսնացել ու 21 տարեկանում՝ դստեր ծնվելուց հետո, ամուսնալուծվել է ու Արթիկից կրկին Արցախ՝ հայրական տուն է վերադարձել։ 

Միայնակ դստերը մեծացնելը դժվարություն չի համարում, մայրն է օգնում, շուտով մանկապարտեզ էլ կհաճախի։ 

«Կյանքում ավելի մեծ դժվարություններ ունեմ»,- նշում է նա։ 

Հայաստան տեղափոխվելու պատմությունն է պատմում, ասում է՝ մի քանի օր Վայքում են մնացել, հետո համացանցով Էջմիածնում վարձով տուն գտել, տեղափոխվել։ 

Ամսական 150 000 դրամ տան վարձն ինքնուրույն է վճարում, քանի որ պետական աջակցություն չի ստանում։ Դուստրը համարվում է ՀՀ քաղաքացի, Արթիկում է ծնվել, սակայն չի տրտնջում: 

Առանց դժգոհելու, գիշեր-ցերեկ աշխատում է, նոր ծրագրեր մշակում ու չնչին հնարավորությունն էլ օգտագործում է առաջ շարժվելու համար: 

Հիշում է, որ տեղահանման ճանապարհին 5 անտեր հավ տեսան, 2-ը՝ սատկած, 3 ուժասպառ հավերին վերցրեցին իրենց հետ։ 13 ժամ ճանապարհին են եղել, և երբ արդեն իրենց սնունդը սպառվել էր, զարմանքը մեծ է եղել, երբ հավերը սկսել են կչկչալ ու ձու են ածել: Ճանապարհին սուրճ եփող հայրենակիցներին խնդրել են եփել նաև այդ ձուն, ու տվել է փոքրիկ դստերը, որ սովից արդեն լաց էր լինում։

«Ես ասեցի՝ ինչ էլ լինի, էս հավերին պահելու եմ, որովհետև իմ երեխուն փրկեցին սովից, ու էդպես որոշեցի հավ պահել»,- ասում է Էլինան։

Էլինան Հայաստանում մասնակցել է «Գաղափարից ձեռներեցություն՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար» ծրագրին, որի շրջանակներում արցախցի կանայք անվճար անգլերեն և ձեռներեցություն սովորելու հնարավորություն են ստանում։

Կարճ ժամանակ անց, Էլինան հայտարարություն է տվել համացանցում, որ ուզում է հավ պահել։ Ծանոթներից մեկը 40000 դրամ է տվել, որ հավ գնի։ Հավեր է գնել ու Էջմիածնում գտնվող վարձով տան բակում երկու կանգնած պատերի վրա եղբոր հետ տանիք է կապել, դուռ դրել իր ձեռքերով ու հավաբուն սարքել։ 

Էլինան մասնագիտությամբ բանասեր է։ Փոքր տարիքից բանաստեղծություններ է գրել, նաև խոհարարական դասընթացներ է անցել, համատեղել ուսումն ու երեխայի խնամքը։ 

Պատմում է, որ Արցախի հյուրանոցներից մեկում աշխատանքի է անցել նախ որպես խոհարար, հետո՝ ադմինիստրատոր, իսկ վերջին շրջանում մենեջերի աշխատանք էր կատարում։ Չնայած աշխատանքի մեջ ունեցած հաջողություններին՝ ասում է, որ կարոողանում է բոլոր ոլորտներում իրեն լավագույնս դրսևորել ու առաջընթաց գրանցել: Միշտ սիրել է բնությունը։ 

«10 տարեկանից մայրիկի հետ մեղուներ եմ պահել, հող մշակել։ Մեր մեղրը մեկ անգամ համտեսողը դրա մասին չէր մոռանում, ու Հայաստան տեղափոխվելուց հետո նպատակ ունեինք մեղվապահությամբ զբաղվել, բայց հանգամանքներն առայժմ այլ կերպ են դասավորվել, իսկ մեղվապահությունը առաջիկա ծրագրերում է»,- նշում է նա։

Էլինան ասում է, որ կյանքում մի կարևոր կարգախոսի է հետևում՝ չկոտրվել ու առաջ գնալ, հասնել ավելիին ու առավելագույնին, ու տխրության, հուսահատության պահերին փոքրիկ դուստրը՝ Լուսեն, հիշեցնում է այդ մասին։ Ասում է՝ կորուստները մեծ էին, դժվարությունները՝ շատ, բայց կամքի ուժը հաղթում է բոլոր պատերազմներում։ 

«Երեկ գնացել էի Լոռվա մարզ, Դեբետ գյուղում էի, ու բնությունն էնքան նման էր Արցախին։ Հիմա մտքիցս դուրս չի գալիս, երազում եմ մի փոքր հողակտոր գնել, տուն կառուցել իմ ձեռքերով, մեղվապահությամբ զբաղվել, հավերս ավելացնել, բադ ու լոր պահել»,- ասում է Էլինան։

Հայրենի տան, բնության ու հողի կարոտը Էլինային հանգիստ չի տալիս։ Արցախում ապրած օրերի ու ստեղծածի մասին հաճախ է հիշում, բայց փորձում է դրանք մոռացության տալ՝ Հայաստանում ունեցած հաջողություններով ու մարդկանց կողմից ստացած դրական էներգիայով։ Ստացվում է, բայց ոչ միշտ։ 

Որ Էլինան իր հասակակիցներից տարբերվող երազանքներ, ծրագրեր ու նախասիրություններ ունի, առաջին հայացքից հաստատ չես կռահի։ Գեղեցիկ հարդարված մազերով ու խնամված ձեռքերով, կոկիկ հագ ու կապով Էլինան միշտ զարմացնում է բոլորին։ 

«Միջոցառումներին, որ գնում եմ հարդարված ու կոկիկ հագնված, հետո խոսում եմ ծրագրերիս մասին, հավերիս մասին, զարմացած նայում են։ Արցախում մի անգամ գնացել էի սերմեր վերցնելու, նայեցին եղունգներիս ու զարմացած ասեցին՝ «ուզում եք ասել, որ էդ եղունգներով հող ե՞ք մշակում»։ Ես ասեցի, որ ձեռնոց գոյություն ունի, պարտադիր չի կնոջ եղունգները խնամված չլինեն, որ իմանաք հող ա մշակում։ Էս եղունգներով նույնիսկ կարող եմ ու պատրաստ եմ կով կթել, եթե լինի»,- ծիծաղում է նա։

Էլինան հիմա համացանցով է վաճառք իրականացում։ «Լուսէ օրգանիկ»՝ դստեր անունով է էջն անվանել։ 

«Այստեղի հավերն արհեստական ուռացրած են, համն էլ էն չի, հետևաբար օրգանիկ մթերքի կարիք, հատկապես մայրիկները, շատ ունեն։ Պահանջարկը մեծ է։ Հիմա սպասում եմ որոշ թղթաբանական հարցերի ավարտին, որ ավելի մեծ թափով սկսեմ աշխատել»,- ասում է «Լուսէ օրգանիկի» երիտասարդ տիրուհին։ 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am