Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Հունաստանի ԱԳ նախարար Գիորգոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պարոն Գերապետիտիսը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հռչակագիրը, որով հայտարարվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Հունաստանի ԱԳ նախարարը նաև խոսել է թուրք-հունական խաղաղության ու գործակցության հանձնաժողովի վերջին հանդիպումից և Ռեջեփ Էրդողանի այցի մանրամասներից։ 

Միրզոյանն իր հերթին ողջունել է հույն-թուրքական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այդ հարաբերությունները դրական հետևանք կունենան հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Միրզոյանը իր հույն գործընկերոջը հրավիրել է Երևան։ Միրզոյանն ու Գերապետրիտիսը կհանդիպեն երկուշաբթի օրը՝ Բրյուսելում, և աշխատանքային նախաճաշ կունենան։ 

Հունաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Հունաստանը աջակցում է Արցախի տեղահանված բնակչության հումանիտար կարիքներին և ԵՄ-ի և Հայաստանի միջև ինստիտուցիոնալ երկխոսությանը: Նշվել է, որ Հունաստանը ակտիվորեն կնպաստի այդ խնդիրների լուծմանը՝ միաժամանակ աջակցելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերին։