Վահե Էնֆիաջյանը կեղծում է՝ պարգևավճարներից ու մեքենայի վառելիքից չի հրաժարվել. FIP.am

ՍԽԱԼ

Ես պարգևավճարից հրաժարվել եմ, հեչ չմտածես, բենզինից էլ եմ հրաժարվել ու էնքա՜ն բանից եմ հրաժարվել. Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հրաժարվել է պարգևավճարներից։ Նա իր խոսքում դժգոհել էր իշխանության կադրային քաղաքականությունից և հատկացվող պարգևավճարների համակարգից։

«Ով ցուցանիշ չի ապահովում, այդ մարդուն պրեմիա ինչի՞ համար են տալիս։ Նախարարներ կան՝ աշխատավարձը 1,500,000 է հասել։ Մեր երկրի սոցիալական, տնտեսական վիճակը նայեք, պրեմիաները պետք է արդարացի տան։ Ես նույնն ասել եմ խորհրդարանի մասով, եթե համատարած ենք բոլորին պրեմիաները տալիս, տրամաբանությունը կորում է»,- նշել էր պատգամավորը։

Lրագրողներից մեկի դիտարկմանը, որ եթե համաձայն չէ, կարող է անձամբ հրաժարվել պարգևավճարներից, Էնֆիաջյանը բարկացած տոնով արձագանքել էր, որ այդպես էլ արել է։

«Ես հրաժարվել եմ, հեչ չմտածես, հրաժարվե՛լ եմ, ասում եմ, բենզինից էլ եմ հրաժարվել ու էնքա՜ն բանից եմ հրաժարվել, էլ չասեմ… հենց հիմա դե գնացեք, որ էտքան բանն ասում եք, ուրեմն հետևողական եղեք, իմ աշխատավարձից քանի հիմնադրամի փող ա գնում ու քանի ընտանիքի գումար է գնում»,- հայտարարել էր Էնֆիաջյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Էնֆիաջյանը, ի տարբերություն մյուս գործընկերների, հրաժարվել է իրեն հասանելիք ոչ միայն պարգևավճարից, այլ իրեն՝ որպես փոխնախագահի կցված ծառայողական մեքենայի վառելիքից։

Արդյո՞ք Էնֆիաջյանը ստացել է պարգևավճարներ

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը սահմանվում է «Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ըստ այս օրենքների՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, որից բացի, նա նաև ստանում է ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար։

Ազգային ժողովի աշխատակազմից Fip.am-ին հայտնեցին, որ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ստացել է ամսական իրեն հասանելիք սահմանված պարգևավճարները։

«Ազգային ժողովի պատգամավորներն ԱԺ բյուջեի պարգևատրման ֆոնդից (2019 թ․ ապրիլից մինչև 2020 թ․ մարտը ներառյալ) ամեն ամիս պարգևատրվել են իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով՝ համաձայն հայտարարված պետական կառավարման ոլորտում վարձատրությունների բարձրացման համընդհանուր քաղաքականության, ինչպես նաև «2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի»,— ասված է ԱԺ գրավոր պատասխանի մեջ։ 

Աշխատակազմից նաև տեղեկացնում են, որ Էնֆիաջյանը ստացել է ամսական իրեն հասանելիք սահմանված պարգևավճարները, որից այս տարվա մարտ ամսվա պարգևավճարը փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին։

Արդյո՞ք հրաժարվել է բենզինից

Ինչ վերաբերում է Էնֆիաջյանի՝ իրեն սպասարկող ավտոմեքենայի համար բենզինից հրաժարվելու դիմումին, ապա նշվում է, որ ԱԺ աշխատակազմը նման որևէ գրություն չի ստացել։

Աղբյուրը՝ www.fip.am