«Իրան իմ կյանքից առավել եմ սիրել, Աստծուն շնորհակալ եմ, որ իրան եմ հանդիպել»․ Լիանան ամուսնուն պատերազմում կորցնելուց հետո ասում է՝ թվում ա՝ երազ ա

«Իմ կյանքը կանգ առավ էն ժամանակ, երբ ինքը գնաց մարտի դաշտ»,- ամեն անգամ ամուսնու՝ 40-ամյա Հովհաննես Պորտուգալյանի մասին խոսելիս հուզվում է 36-ամյա Լիանա Պորտուգալյան։

Հովհաննեսը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սակայն ժամերը, օրերն ու ամիսները ի վիճակի չեն օգնելու կնոջը կորցնելու հույսը, որ մի օր, այնուամենայնիվ, Հովհաննեսը վերադառնալու է տուն։ 

Անընդմեջ ընտանեկան լուսանկարները թերթելով՝ Լիանայի աչքերը խոնավանում են։

«Ինձ թվում ա՝ երազ ա, չեմ հավատում, որ ինքը չկա, ինձ թվում ա՝ ինքը գալու ա, ես սպասում եմ իրան»,- կամացուկ ասում է նա։

Լիանան և ամուսինը՝ Հովհաննեսը 8 տարի է՝ ինչ ամուսնացած էին։ Ունեն զույգ աղջիկներ՝ 8-ամյա Նատալին և Լյուսին։

Լիանան պատմում է, որ պատերազմի լուրն իմանալուն պես Հովհաննեսը կորցրել է հանգիստը, ասել, որ անպայման պիտի ռազմաճակատ մեկնի և կռվի թշնամու դեմ։ Հոկտեմբերի 5-ին զորակոչից հետո Հովհաննեսը Երևանից հասել է Ֆիզուլի։

Կինը պատմում է․ «Խմբին Երևանից առանց զորավարժության Ֆիզուլի են տարել՝ ուղիղ առաջնագիծ։ Կռվել են Ղարղաբազարում։ 

Զանգում էր շատ կարճ՝ ո՞նց եք, երեխեքը ո՞նց են, լա՛վ եղեք, ձեզ լա՛վ նայեք»։

Լիանան ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 13-ին, այդ զանգից հետո Հովհաննեսի հեռախոսն այլևս անհասանելի է դարձել։

«Աղջիկներին տարա դպրոց, տուն էի գալիս, ճանապարհին զանգեց՝ ո՞նց եք, ի՞նչ եք անում, թնդանոթի ձայներ լսեցի, հասկացա՝ կռվի դաշտում է, չհասցրեցի ինչ-որ բան ասել, կապը կտրվեց, հետո արդեն անհասանելի դարձավ… Ականատեսի վկայությամբ՝ դեպքը եղել ա հաջորդ օրը»,- պատմում է Լիանան։

Լիանան ասում է, երբ ամուսնու հետ օրեր շարունակ կապ հաստատել չի հաջողվել, սկսել են փնտրտուքը։ Ասում է՝ քանի որ փնտրտուքն անարդյունք էր, ո՛չ մարմինն էին գտնում, ո՛չ ԴՆԹ-ով հաստատում ստանում, սկսում են մտածել Հովհաննեսի գերեվարված լինելու մասին։ 

Սակայն Հովհաննեսի հետ մարտնչած և ողջ մնացած առաջնագծի տղաներից մեկը զոհված զինվորների հարազատներին տեղեկացնում է, որ ականատես է եղել, թե ինչպես են զոհվել խմբի տղաներից երեքը. 

«Ասեց՝ «Բայրաքթար» ա ընկել պուշկայի վրա, Հովհաննեսը ասկոլկայից ա վիրավորվել՝ ոտքից ու կոնքից, իրա հետ վիրավորվել են ևս երկու տղա։ 

Վիրավորվելուց հետո տղաները ընկնում են, ժամկետայիններից մի տղա ա լինում, ասում ա՝ ես տղաներին կտանեմ Ֆիզուլի սանչաստ: Վիրավորներին դնում են «Ուրալը», նրանց է միանում նաև դեպքից փրկված տղան, գնում են սանչաստ, բայց ճանապարհին դիվերսիա ա լինում, ամբողջ «Ուրալը» մաղում են։

Ամուսինս հենց «Ուրալում» զոհվում ա, միայն մի տղա է փրկվում, որը մեզ պատմեց մանրամասները»,- ասում է կինը։

Լիանան պատմում է, որ տղաների մարմինները գտնելու համար գումար են հավաքել և աշխատանքները կազմակերպել որդիներին փնտրող ծնողները։ 

«Կազմակերպեցինք, այդ տղային ուղարկեցինք, գնաց՝ գեներալի, դիրքի հրամանատարի հետ կապվելով, տեղանքի կոորդինատներին ծանոթանալով, ԱԻՆ-ի, խաղաղապահների և Կարմիր խաչի միջնորդությամբ մտան Ֆիզուլու տարածքը, փոսում գտան մարմինները»,- կյանքի ամենաբարդ օրերի մասին է հիշում Լիանան։

Կինն ասում է, թե երբեք չէր պատկերացնի, որ նման դեպք կպատահի իր ընտանիքի հետ։

«Ես մտածում էի՝ ինքը գնալու ա մարտի դաշտ, իր գործը անի, հաղթած գա, ես չէի պատկերացնում, որ ինքը պիտի զոհվի»,- հուզվում է Լիանան։

Կնոջ խոսքով՝ Հովհաննեսը հրաշալի ամուսին ու հայր էր։ Ասում է՝ չափազանց ուշադիր և հոգատար էր ինչպես իր, այնպես էլ զույգ երեխաների նկատմամբ:

«Միշտ իրան իմ կյանքից առավել եմ սիրել, մենք իրար շատ սիրելով ենք ամուսնացել։ Ես միշտ Աստծուն շնորհակալ եմ եղել, որ հենց իրան եմ հանդիպել, զարմանում էի իր էդքան լավը լինելու համար, ուրիշ էր։ Շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել, երբեք չենք վիճել։ 

Մենք որ ամուսնացել էինք, վարձով առանձին էինք ապրում, ամեն ինչով ինձ օգնում էր՝ աղջիկներին կերակրել, հոգ տանել։ Ամեն հարցում իմ օգնականն ինքն ա եղել եփելուց, դասավորելուց, ասում էի՝ չեմ հասցնում երկու երեխեքի հետ, ասում էր՝ ոչինչ, միասին կանենք։

Որ երեխեքից մեկը հիվանդանում էր, ես դժվար էի հասկանում՝ ինչ անեի, որ օգնեի երեխուն, ինքն էր գրկում, իրա մոտեցումից, աուրայից երեխեն միանգամից սկսում էր հանդարտվել, թվում էր՝ մայրը պետք ա ինտուիտիվ ավելի լավ զգա՝ ինչ անի, բայց ինքն էր ավելի լավ անում»,- պատմում է Լիանան։

Լիանան աղջիկների՝ Նատալիի և Լյուսիի հետ

Ասում է՝ ամուսինը մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ, գործին զուգահեռ, երբ ժամանակ էր գտնում, փայտ էր փորագրում, նկարում էր, սիրում էր երաժշտությունը։ 

Հովհաննես Պորտուգալյանի փայտե աշխատանքներից

Հովհաննես Պորտուգալյանի՝ պատին արված նկարներից

«Լանցետով էր փորագրում, պատի վրա նկարում, ձեռքի տակ ոչ մի նյութ չուներ, գույները ստացել ա մեքենայի գույներից, յոդից, ինքը սիրում էր ստեղծագործել, ինքնուս էր։ Ասում էր՝ եթե ինձ լիներ հետևող, հնարավորություն, էդ ուղղությամբ կգնայի։ Իր տաղանդը գեներով փոխանցվել ա երեխեքին։ Նատալին շատ լավ նկարում է, Լյուսին երաժշտական է գնում»,- պատմում է մայրը։

Լիանան ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո կյանքը միանգամից փոխվեց, ընդգծում է՝ իրեն ոչինչ չի սփոփում, անգամ երեխաները։ Միակ հույսն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել, երազ է, կամ․ «Եթե ինքը իրոք չկա, ես գոնե նենց ապրեմ, որ կարողանամ իրան հանդիպեմ, իմ երեխեքի առաջ ես պարտք ունեմ, պետք է կատարեմ, ուղղակի ապրեմ նենց, որ արժանանամ իր հետ հանդիպմանը։

Բայց որ մենք անբաժան ենք, էդ հաստատ»,- արտասուքն աչքերին ասում է երիտասարդ կինը։

Հովհաննես Պորտուգալյանը հետմահու պարգրատրվել է «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am