Արդարացման վճիռ` նախկինում դատապարտվածի նկատմամբ. Բարձր ցուցանիշներ` չգործած հանցագործությունների դիմաց

Արդարացման վճիռ` նախկինում դատապարտվածի նկատմամբ. Բարձր ցուցանիշներ` չգործած հանցագործությունների դիմաց
Արդարացման վճիռ` նախկինում դատապարտվածի նկատմամբ. Բարձր ցուցանիշներ` չգործած հանցագործությունների դիմաց

Հայաստանի ոստիկանական համակարգում հատկապես անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ բռնություն, ֆիզիկական կամ բարոյական ճնշումներ գործադրելու պատճառներից մեկն էլ համակարգում գործող արդյունավետության գնահատման կարգն է: Հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշ ապահովելու համար ոստիկանները երբեմն ստիպում են կասկածյալներին ընդունել այնպիսի հանցագործություններ, որոնք իրենք  չեն գործել:

Այսպես հիմնավորեց իր կարծիքն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, ով ներկայացրեց Ալեքսանդր Ցվերիանովի նկատմամբ ոստիկանության կիրառած անօրինական գործողությունների մասին որոշ մանրամասներ: Ասուլիսին ներկա էր նաև հենց ինքը տուժողը` Ալեքսանդր Ցվերիանովը:

«Էրեբունու ոստիկանության բաժանմունքում, մասնավորապես քրեական բաժնի պետը` Հակոբյանը, համոզել են Ցվերիանովին ընդունել 16 հանցագործություն, որոնք ինքը չէր  կատարել, որպեսզի տարեվերջին ցույց տան լավ ցուցանիշներ», – հայտարարեց  Արթուր Սաքունցը:

Ըստ բանախոսի` ոստիկաններն առաջնորդվում են բացահայտումների մեծ քանակ ապահովելու ցանկությամբ` մոռանալով գործողությունների օրինականության մասին:
Արթուր Սաքունցը նաև ընդգծեց, որ Ցվերիանովի դատական գործը եզակի դեպք է հայաստանյան արդարադատության համակարգում, քանի որ քիչ է պատահում, որ դատարանն արդարացման վճիռ է կայացնում` անկախ այն փաստից, որ մեղադրյալը եղել է նախկինում դատապարտված:

Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ցվերիանովի դիմումի հիման վրա նյութեր է նախապատրաստել, ապա նաև քրեական գործ է հարուցել բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առիթով: Արթուր Սաքունցն էլ ճանաչվել է Ցվերիանովի ներկայացուցիչ:  Այսօրվա ասուլիսին Սաքունցը տեղեկացրեց, որ իրենք պահանջում են նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, քանի որ «հիմա տուժողի ծանր հոգեբանական վիճակը հենց բռնության արդյունք է»:

«Ոստիկանության համար անձը նյութեղեն սուբյեկտ է, քանի որ հոգեբանական ասպեկտին ուշադրություն չեն դարձնում: Այժմ հոգեբանական վիճակի վերհանելը և դրա հիման վրա ախտորոշում տալը, որ նման վիճակը կապված է բռնություների հետ, մարտահրավեր է իրավապահ մարմինների համար», – ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը մատնանշեց նաև մեկ այլ հանգամանք. «Բռնություն կիրառած ոստիկանները շարունակում են աշխատել, մինչդեռ նրանց լիազորությունները պետք է կասեցվեին հենց բողոք-դիմում ստանալու պահին»:

Ինքն` Ալեքսանդր Ցվերիանովը հայտարարեց, որ մեկ տարի առաջ, երբ մեկուսարանում է եղել, դիմում բողոք է ներկայացրել, սակայն այն ժամանակ ՀՔԾ քննիչ Հարությունյանը եկել է իր մոտ ու փորձել  համոզել հրաժարվել բողոք-դիմումից:
Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ցվերիանովը հավաստիացրեց, որ դիմելու են: Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հավելեց, թե հույս ունեն, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, ինչը հետագայում կանխարգելիչ դերակատարություն կարող է ունենալ:

2012 թվականի նոյեմբերի 30-ին վաղ առավոտյան  ոստիկանները Ա. Ցվերիանովին իր վարձակալած բնակարանից բերման են ենթարկել  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին՝ մեղադրելով Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած մի շարք գողությունների համար: Ոստիկանության բաժնում Ա. Ցվերիանովը չի ընդունել իրեն առաջադրվող մեղադրանքը, նա հայտնել է, որ ոստիկանների նշած գողություններից և ոչ մեկի հետ կապ չունի:

Սակայն ոստիկանների կիրառած բռնություններից, հոգեբանական ճնշումներից և խոշտագումներից, մասնավորապես էլեկտրաշոկերի օգտագործումից և այլ սպառնալիքներից հետո Ա. Ցվերիանովը ստիպված է եղել խոստովանել իրեն ներկայացրած հանցագործությունների կատարումը:

2014 թ. մայիսի 30-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործի քննության արդյունքում արդարացման վճիռ է կայացրել` հիմնավորելով, որ նախաքննության մարմինը ոչ պատշաճ է իրականացրել քննությունը:

Ա. Ցվերիանովը տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՀՀ ՀՔԾ: 2014 թ. հունիսի 4-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Զ. Թադևոսյանը, վերանայելով Ա. Ցվերիանովի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, որոշում է կայացրել բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ:

http://www.youtube.com/watch?v=VNj7VYo77-w 

«Մեդիա կենտրոն»