«Հիմա ես հրաշքի եմ սպասում ու հավատում, որ Աստված ախպորս հետ բերի»․ 21-ամյա Հերմինեն ասում է՝ եղբոր զոհվելու հետ համակերպվել չի կարողանում

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ղուկաս Պողոսյանը կդառնար 31 տարեկան․ «Ղուկասը մեր տան լույսն էր, պապայիս ու մամայիս առաջնեկն էր, իրան մենք ուրիշ ձևով էինք սիրում։ Մենք Ղուկասի հետ գնացինք»,- հուզմունքով ասում է քույրը՝ 21-ամյա Հերմինե Պողոսյանը։

Ղուկաս Պողոսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատերազմի առաջին իսկ օրից Ղուկասը առաջնագծում էր փոքր եղբոր հետ։ Քույրն ասում է, որ Ղուկասը փոքր եղբորը հաճախ էր հորդորում զգույշ լինել, բայց ինքը չխնայեց իր կյանքը ընկերոջը օգնության հասնելիս։

«Օմարի լեռներում են եղել, թեժ մարտերում կռիվ տվել զինակից ընկերների հետ, թշնամու դիրք են գրավել երեք ընկերներով։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ենք խոսել, հոկտեմբերի 9-ի  առավոտյան չզանգեց։

Զինակից ընկերը վիրավորվել ա, օգնություն ա գոռացել, եղբայրս բլինդաժում ա եղել, դուրս ա վազել, որ օգնի, ականանետից արձակված արկի բեկորից զոհվել ա»,- հուզմունքով ասում է քույրը։

Հերմինեն ասում է՝ հոկտեմբերի 9-ին տեղեկացել են ողբերգական դեպքի մասին, հայրն ընկերների հետ ճանապարհ էր ընկել զինվորներին սնունդ ու հագուստ փոխանցելու, ճանապարհին իմացել է դեպքի մասին։

«Հայրս եկավ, ասեց, չէինք հավատում՝ մինչև իրան բերելը։ Ես անընդհատ զանգում էի Ղուկասի համարին, բոլորին ասում էի՝ սուտ ա, հեսա զանգելու եմ, Ղուկասը վերցնի։ Իրանից չէր, ինքն էնքան ուժեղ էր․․․»- հուզմունքով ասում է Հերմինեն։

Ասում է՝ եղբայրը միշտ հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է, ընտանիքի մտքով չէր անցնի, որ Ղուկասի հետ նման դեպք կպատահի։

«Որ մեզ էլ զանգում էր, էնքան հանգիստ էր, որ հարցնում էինք՝ ի՞նչ կա, ո՞նց ես, ասում էր՝ ցենտր…  էդ բառից էլ ես երկրորդ անգամ հարցեր չէի տալիս, իրա բառից ոգևորվում էի, ինքը շատ ուժեղ էր կռվում, ինքը չէր պատմում, փոքր եղբայրս էր պատմում ու իր ընկերները։  Հոկտեմբերի 2-ին հակառակորդի վերցրած դիրքը հետ էին գրավել։ Ժամկետայինի ժամանակ էլ տարբեր մեդալներ ու գովասանագրեր ա ստացել»,- ասում է Հերմինեն։

Ղուկաս Պողոսյանը պայմանագրային զինծառայող էր, 2017 թ․-ից անցել էր զինծառայության Քարվաճառում, սերժանտ էր, հետախուզական ջոկատի հրամանատար։ Քրոջ խոսքով՝ եղբայրը փոքր հասակից զինվորական ծառայության հանդեպ հետաքրքրություն ուներ, հայրը ևս պայմանագրային զինծառայող էր, Ղուկասը ամառային արձակուրդներին հոր հետ գնում էր դիրքեր, զենքերի հանդեպ սեր ուներ։

Ղուկասը շատ հոգատար էր, բարի ու ուշադիր՝ նշում է քույրը։

«Բոլորիս հանդեպ շատ հոգատար էր։ Էս կորոնավիրուսը դուրս էր եկել, ինքը պոստերում էր, անընդհատ զանգում էր մամային, ասում էր՝ մա՛մ, ալկոգելով ձեռքերդ կլվանաս, առանց դիմակի տնից դուրս չգաս, փոքր եղբորս ասում էր՝ ուշադիր եղի, զգույշ եղի պոստերում»,- նշում է Հերմինեն։

Հերմինեն ասում է, որ հոկտեմբերի 9-ից հետո ընտանիքի կյանքը 180 աստիճանով շրջվել է, որևէ կերպ եղբոր կորստի հետ համակերպվել չեն կարողանում:

«Բոլորիս համար ինքն ամենալավն էր։ Հոկտեմբերի 9-ից ուղղակի ապրում ենք, բայց լիարժեք չենք։ 

Հիմա ես հրաշքի եմ սպասում ու հավատում, որ Աստված ախպորս հետ բերի, բոլոր տղաները անմեղ զոհվեցին»,- ասում է 21-ամյա Հերմինեն ու կրկին հուզվում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am