ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ,  այդ թվում`  անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությունը, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունն ու գործանականում տարբեր շահակիցների հետ քննարկումներով լուծումների գտնելու հարցերը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքի ուղղությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:

Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:

Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախաշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի միջև առաջին շփումներ ու համագործակցություն:

Հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել անձամբ Ֆրանսիայի դեսպանի և  դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից։