Ուշացած արձագանք. «Փա՜ռք աշխատավոր մարդուն»

Վահրամ Թոքմաջյան

Խորհրդային Միությունում տարածված կոչին ավելացնենք՝ հազա՜ր փառք աշխատավոր մարդուն: Ի՞նչն ենք մենք լավ անում: Կենաց ու հայհոյանք:

Եկեք համաձայնենք, որ այս երկու իրողությունները մեզանում վառ արտահայտված են ու շատ լավ ստացվում են:

Պետք չէ նեղանալ կենացասածներից կամ հայհոյողներից: Դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում դրանք իրագործելի չեն: Բարի կամ չար կամքի, սեռական թաքնված ֆանտազիաների արտացոլում են: Ավելին՝ ոչինչ:

Հայաստանում մայիսի մեկ էր: Կարևոր չէ՝ դուք այն կանվանեք Աշխատավորների միջազգային օր, թե աշխատանքի տոն: Դրանից էությունը չի փոխվի: Կարևորն այստեղ օրվա բովանդակության և իրականության անհամապատասխանությունն է:

Այս հրապարակմամբ հանդես չեկա մայիսի 1-ին: Թողեցի, որ ջրերը հոսեն, պարզվեն, հասկանանք: Ջրերը հոսեցին և իրենց հետ բերեցին կենացների հերթական փունջը:

Հայաստանում բարիքներ ստեղծում են աշխատողները, պետության կարիքների հոգսն աշխատող մարդու ուսերին է, բյուջեն լցնում են աշխատողները, բայց միևնույն պահին նրանց իրավունքներն ամենաոտնահարվածն են:

Խոսքն այստեղ ծրագրավորման մի քանի գրասենյակների կամ նմանատիպ կառույցների մասին չէ: Խոսքն ընդհանրապես գործող վարքականոնների ու գործող կարգերի ամբողջության մասին է:

Սա այն դասական վիճակներից է, երբ թղթի վրա այլ բան է գրված, իսկ իրականությունը՝ կենացի ու հայհոյանքի ամբողջացումն է: 

Կենաց ասեմ մայիսի մեկին, 

Որ հայհոյեմ շուրջ տարին:

Համավարակը և դրա հետևանքներն ավելի խորացրեցին ոլորտում տիրող ողբերգական վիճակը: Երևի տեսել եք բացահայտումներ անող երեխաների անկեղծ զարմանքը, հիացմունքը, երբ առաջին անգամ ինքնուրույն կարողանում են միացնել հեռուստացույցը կամ վառել գազօջախը:

Ահա այդպիսի՝ անբիծ մանկական զարմանքի մեջ էին մեր որոշ պաշտոնյաներ, երբ հայտնաբերեցին, որ Հայաստանում կան բազմաթիվ չգրանցված աշխատողներ:

Չգրանցված աշխատող՝ նշանակում է բացարձակ իրավազուրկ աշխատող: Եթե գրանցվածի պարագայում հնարավոր է ինչ-ինչ գործիքակազմով պայքարել իրավունքների համար, ապա չգրանցվածի պարագայում որևէ հնարավորություն չկա:

Նրանք այդ նույն դեմքի արտահայտությունն ունեին, երբ պարզում էին, որ պետությունը որևէ լծակ չունի գործատուի վրա ազդելու: Ասեք, որ հրաշալի կազուս է: Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին և բազմաթիվ տռա-լյա-լյաներ, բայց հանկարծ պարզվում է, որ համապատասխան նախարարությունը որևէ լծակ չունի:

Մենք ապրում ենք մի Հայաստանում, որտեղ անգամ պետական համակարգի գործատուն մեծավ մասամբ իրեն կարծում է տեղային բդեշխ, ամենակարող տեր, Աստծուց հետո երկրորդ, վերջին դեպքերից հետո՝ երրորդ մարդը:

«Ութ ժամ աշխատանք: Ութ ժամ հանգիստ: Ութ ժամ քուն»: Այս կարգախոսը պատկանում է բրիտանացի ձեռնարկատեր Ռոբերտ Օուենին:

Հա ի՞նչ, հիմա կասեք դուք, ի՞նչ զարմանալու բան կա: Զարմանալի ոչինչ չկա: Ռոբերտ Օուենը, իսկ հետագայում՝ չարտիստական շարժման մասնակիցները հասկացել էին սա 180 տարի առաջ:

Երեք ութերի ճշմարտությունը: Մենք սա դեռ չենք հասկացել 180 տարի հետո: Համապատասխան տեսչությանը բողոք պետք չէ, որպեսզի երեկոյան իննին մտնի ցանկացած միջին վիճակագրական մթերային խանութ ու տեսնի դախլի հետևում կանգնած հոգնատանջ կնոջը:

Նա աշխատում է առավոտյան ութից կամ իննից երեկոյան տասը: Դա՝ լավագույն դեպքում: Սա ոչ թե բացառիկ դեպք է, այլ համատարած ճշմարտություն:

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում համատարած խախտվում են աշխատողների բոլոր հիմնարար իրավունքները, սկսած ամենատարրականից՝ գրանցված լինել-չլինելուց, վերջացրած անձի արժանապատվության նվաստացումով: 

Հիմա կասեք՝ է թող բողոքեն: Թող: Բայց առնվազն միամտություն է կարծել, որ կարող է լինել համընդհանուր բողոք մի երկրում, որտեղ իրավունքի պաշտպանությունը համարվում է գործ տալ, և դեռ ոչինչ արված չէ այդ անառողջ, հակապետական մտայնությունը փոխելու ուղղությամբ: Առնվազն միամտություն է դա ակնկալել մի երկրում, որտեղ աշխատողն այլընտրանք չունի, բողոքելու պարագայում կհայտնվի փողոցում՝ հացին կակա ասելով:

Այս մոլորության մեջ է նաև մեր կառավարությունը, երբ ասում է, թե՝ պահանջեք գործատուից գրանցել ձեզ: Պատկերացնո՞ւմ եք՝ օրը երեք հազար դրամով ծիրան հավաքող մարդը գնում և այգու տիրոջն ասում է՝ գրանցիր ինձ որպես աշխատող:

Ինչ-որ արտադրամասում, հացի փռում կամ շշի գործարանում աշխատողը սկսում է խոսել իրավունքներից: Ի՞նչ կլինի հաջորդ պահին: Իհարկե նա կհայտնվի փողոցում: Կհայտնվի փողոցում, որովհետև վերջերս պարզել ենք, որ համապատասխան նախարարությունը գործիքակազմ և իրավասություն չունի գործատուի վրա ազդելու:

Չունե՞ք՝ ստեղծե՛ք: Դասականի ասած՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ:

Երբ մարդուն տանը սպասում են հաց ուզող երեխան, հոր կամ մոր դեղերի փողը, կոմունալն ու օրվա հոգսը, մարդը թքած ունի՝ իրեն կգրանցեն, թե չեն գրանցի:

Մարդը թքած ունի, թե իր ո՛ր իրավունքն է խախտվում: Մեր մեջ ասած՝ շատ դեպքերում աշխատող մարդը չգիտի էլ, թե ինքն ինչ իրավունքներ ունի: Իսկ մարդը թքած ունի, որովհետև փողոցում հայտնվելուց հետո այլընտրանք չունի: Սա հավասարապես վերաբերում է և՛ գյուղում աշխատող ուսուցչին, և՛ ցեխի բանվորին:

Այստեղ առաջ է գալիս պետության պոզիտիվ պարտավորությունը՝ պաշտպանել իր քաղաքացու իրավունքները: Սակայն պետությունն առայժմ կաղում է: Քանի որ պաշտպանված աշխատանքային իրավունքները նշանակում է այդ պաշտպանությունը սկսել հենց պետական համակարգից:

Քանի դեռ դու չես սկսել ստեղծել այն գործիքակազմը, որով կարող ես պաշտպանել քաղաքացու, աշխատող քաղաքացու իրավունքներն օրինական ճանապարհով, ուրեմն պետք է առաջնորդվես հին մեթոդով: Մի հարմար առիթով կխոսենք հին մեթոդների մասին:

Քանի դեռ Հայաստանում պաշտպանված չէ աշխատող մարդու իրավունքը, մայիսմեկյան ճառերը բովանդակազուրկ կենացներ են, որոնց հաջորդելու են հայհոյանքները:

Հ. Գ. Հոդվածն անշուշտ չի վերաբերում բարեխիղճ գործատուներին: Այդպիսիք իհարկե ունենք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am