Ժողովրդավարություններն ավելի արդյունավետ ու կայուն են, քան քաղաքական ռեժիմների այլ տեսակները․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

44-օրյա պատերազմում հայկական կողմի ծանր պարտությունից հետո Հայաստանում նոր թափով քննարկումներ են սկսվել ժողովրդավարական մոդելի արդյունավետության վերաբերյալ: Այդ քննարկումների ընթացքում հաճախ հնչեցվում է այն միտքը, որ ժողովրդավարական զարգացման մոդելը նպաստավոր չէ Հայաստանի համար: Ավելին, տարբեր ոլորտներում տարատեսակ ձախողումների պատճառահետևանքայնությունը կապվում է հենց Հայաստանի ընտրած քաղաքական ուղու հետ: Ժողովրդավարական մոդելն անհեռանկարային է համարվում նաև այն պատճառով, որ վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ժողովրդավարությունը ողջ աշխարհում է հետընթաց ապրում: Աշխարհում Ժողովրդավարության ճգնաժամը լուրջ հիմքեր է ստեղծել հակաժողովրդավարական քարոզ իրականացնող ուժերի համար: Հայաստանի առաջատար թերթերի էջերում ժողովրդավարության աստիճանական վախճանի վերաբերյալ մահախոսականներ են տպագրվում, իսկ քաղաքական դաշտը ողողված է հակաժողովրդավարական խոսույթներով: 

Այս առումով կարևոր է հասկանալ ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական ռեժիմների արդյունավետության աստիճանը: 

Քաղաքագիտական գրականության մեջ առավել տարածված է Ջոզեֆ Շումպետերի ժողովրդավարության մինիմալիստական սահմանումը: Շումպետերը ժողովրդավարական մեթոդ է անվանում քաղաքական որոշումներ ընդունելու այն ինստիտուցիոնալ դասավորվածությունը, որի գոյության դեպքում անհատները որոշում կայացնելու իրավունք են ստանում մարդկանց ձայների համար մրցակցային պայքարի միջոցով: Այսինքն, ժողովրդավարական են համարվում այն համակարգերը, որտեղ քաղաքական իշխանությունը ձևավորվում է ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով: Ժողովրդավարության այս ընթացակարգային սահմանումը շատ հաճախ քննադատության է ենթարկվում՝ միայն ընտրությունների վրա կենտրոնացված լինելու պատճառով: Ժամանակակից կայացած ժողովրդավարություններում ընտրական գործընթացներից ոչ պակաս կարևոր են փոքրամասնությունների իրավունքների պաշտպանվածության աստիճանը, արդեն իսկ ընտրված իշխանությունների հաշվետվողականության ու վերահսկելիության խնդիրները և այլն: Այդ իսկ պատճառով Արևմուտքի մերօրյա ժողովրդավարություններն ընդունված է անվանել լիբերալ ժողովրդավարություններ, որտեղ «լիբերալ» բառը նկարագրում է համակարգում առկա քաղաքացիական ազատությունների մակարդակը, իսկ «ժողովրդավարությունը»՝ այն ընթացակարգը, որի միջոցով ձևավորվում է իշխանությունը տվյալ համակարգի ներսում: Այն համակարգերը, որտեղ կան քաղաքական իրավունքներ, բայց որոշ քաղաքացիական ազատություններ սահմանափակված են, կոչվում են ոչ լիբերալ ժողովրդավարություններ: 

Ժողովրդավարական ու ավտորիտար ռեժիմների արդյունավետության համեմատության հարցում առանցքային նշանակություն ունի ռեժիմների այդ տարատեսակների կողմից տնտեսական զարգացման բարձր տեմպեր ապահովելու ունակությունը: Վերջին տասնամյակների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ մի շարք ավտորիտար ռեժիմներ տնտեսական աճի տեմպերով զգալիորեն շրջանցում էին ժողովրդավարական ռեժիմներին: Խոսքը հիմնականում Հարավարևելյան Ասիայի երկրների մասին է, որոնք հայտնի են «Ասիական վագրեր» (Հարավային Կորեա, Սինգապուր, Թայվան, Հոնկոնգ) անվանմամբ: Տնտեսական աճի բարձր տեմպեր ապահոված ավտորիտար ռեժիմներից է նաև Չինաստանը՝ Դեն Սյաոպինի բարեփոխումներից հետո, Պինոչետի Չիլին և այլն: Սակայն ավտորիտար ռեժիմների հետ կապված գլխավոր խնդիրն այն է, որ դրանք նման են շատ յուրահատուկ վիճակախաղերի, որոնցում շատ քիչ ժողովուրդների է բախտը ժպտում: Այդ վիճակախաղում շահելու դեպքում հնարավոր է այնպիսի իշխող վերնախավ ստանալ, որը կարող է արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնելու միջոցով թռիչքային զարգացում ապահովել երկրին: Այնուամենայնիվ, «վիճակախաղում» պարտության դեպքում իշխող վերնախավերը կենտրոնանում են սեփական նեղ խմբակային շահերի սպասարկման վրա՝ տնտեսական համակարգը ծառայեցնելով քաղաքական համակարգի ու իշխող ռեժիմի կայունության ապահովման համար: Այս երկրորդ սցենարը շատ ավելի տարածված է եղել աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում: Բազմաթիվ ավտորիտար ռեժիմներ ընկղմել են իրենց հասարակություններն «աղքատության թակարդների» մեջ և հասցրել իրենց երկրները կա՛մ երկարատև տնտեսական լճացման, կա՛մ նույնիսկ տնտեսական կոլապսի: Մինչ այսօր այդ վիճակախաղում հաղթած ժողովրդների թիվը չնչին է: Ձախողվել են նաև Հարավարևելյան Ասիայի տնտեսական մոդելի տեղայնացման գրեթե բոլոր փորձերը: Ու եթե ժողովրդավարություններում ձախողված առաջնորդներին սահմանադրական միջոցներով փոխելու հնարավորություն գոյություն ունի, ապա ավտորիտար ռեժիմների պարագայում այդ հնարավորությունը բացակայում է: Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման այս «վիճակախաղն» անվանում է «Վատ կայսրի խնդիր» (‘Bad emperor problem’): 

Տնտեսագետներ Դարոն Աճեմօղլուն ու Փոլ Ռոբինսոնն իրենց «Ինչու են պետությունները ձախողվում» (Why Nations Fail) հանրահայտ գրքում ցույց են տալիս, որ տնտեսական զարգացում ապահովող գլխավոր գործոնը ներառական (inclusive) տնտեսական ինստիտուտների գոյությունն է: Ներառական ինստիտուտները, ի տարբերություն կեղեքիչ (extractive) ինստիտուտների, մարդկանց մոտ շարժառիթներ են ստեղծում ակտիվորեն ներգրավվելու տնտեսական գործունեության մեջ: Ներառական ինստիտուտների առանցքային բաղադրիչներն են սեփականության իրավունքի պաշտպանվածությունն ու անկախ դատական համակարգը: Ներառական տնտեսական ինստիտուտներ առկա են հիմնականում ժողովրդավարական համակարգերում: 

Ավտորիտար ռեժիմների նկատմամբ ժողովրդավարությունների մյուս կարևորագույն առավելությունն այն է, որ դրանք ավելի կայուն համակարգեր են, որտեղ շատ ավելի քիչ են քաղաքական բռնության դրսևորումները: Տնտեսագետ Փոլ Քոլյեն դա պայմանավորում է ժողովրդավարական ռեժիմների երկու հատկանիշներով՝ ժողովրդավարական հաշվետվությամբ (accountability) և լեգիտիմությամբ (legitimacy): Ժողովրդավարական հաշվետվության գոյության պայմաններում կառավարության գլխավոր խնդիրը հասարակ քաղաքացիների կյանքի բարելավումն է: Եթե իշխող ռեժիմն այդ ֆունկցիան արդյունավետ է կատարում, այն վերընտրվում է, եթե ոչ՝ պարտվում է ընտրություններում: Այդ իսկ պատճառով ժողովրդավարական երկրներում կառավարությունները հիմնականում շահագրգռված են լինում համընդհանուր բարեկեցության աստիճանի բարձրացմամբ, ինչը, իր հերթին, նվազեցնում է հասարակությունում առկա դժգոհությունը: Իսկ ինչքան ավելի քիչ է դժգոհությունը իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ, այնքան նվազում է զինված ընդվզման հավանականությունը: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա ժամանակակից աշխարհում դրա գրեթե միակ հիմքն իշխող ռեժիմի ընտրված լինելն է համարվում: Լեգիտիմ իշխանությունը որոշակի իրավունքներով ու լիազորություններով է օժտվում: Այն սեփական ծրագիրը իրականացնելու մանդատ է ստանում, ինչի արդյունքում ընդդիմության կողմից քաղաքական բռնության կիրառման հավանականությունը խիստ նվազում է: Եթե որոշ ընդդիմադիր ուժեր նույնիսկ որոշում են դիմել բռնության, դրանք աջակցություն չեն ստանում հասարակության կողմից: Լեգիտիմ ռեժիմների համար ավելի հեշտ է դիմակայել նաև հեղաշրջումների փորձերին, ինչը ևս նվազեցնում է դրանց հավանականությունը:  

Ժողովրդավարության կայունությանը նպաստող կարևոր հանգամանքներից է նաև իշխանափոխության հստակ մեխանիզմի առկայությունը: Չնայած որոշ ավտորիտար ռեժիմների հաջողվել է ժամանակի ընթացքում իշխանափոխության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել (Մեքսիկայի Ինստիտուցիոնալ Հեղափոխական կուսակցությունը 20-րդ դարում, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը Ձյան Ձեմինի պաշտոնավարությունից սկսած մինչ վերջերս, Բրազիլիայի ռազմական խունտան 1964-1985 թվականներին և այլն), սակայն այդ խնդիրը ավտորիտար համակարգերի համար մինչ այսօր հիմնականում անլուծելի է մնում, ինչն էլ հաճախ քաղաքական անկայունության ու քաղաքական բռնությունների պատճառ է դառնում: 

Ժողովրդավարությունները, ի հեճուկս գոյություն ունեցող կարծրատիպերի, ավելի արդյունավետ են նաև պատերազմների ժամանակ: Քաղաքագետներ Դան Ռայթերը ու Ալան Սթամը զբաղվում են պատերազմներում տարբեր քաղաքական ռեժիմների արդյունավետության խնդրով: Նրանք 1990-ական թվականների սկզբից բազմաթիվ հոդվածներ են հրապարակել այդ թեմայով: Ռայթերն ու Սթամը հեղինակել են նաև «Ժողովրդավարությունները պատերազմի մեջ» (Democracies at War) գիրքը, որի մեջ ցույց են տալիս, որ ժողովրդավարությունները, ի համեմատ բռնապետական ու օլիգարխիկ ռեժիմների, ավելի հաճախ են հաղթում ինչպես իրենց կողմից նախաձեռնված պատերազմներում, այնպես էլ այն պատերազմներում, որոնցում նրանք հարձակման թիրախ են: 

https://lh6.googleusercontent.com/GllY0ykVUMRXcT7gMSf6xhuV29Y-6-jvoM6bjYlyNqVGFOX3uXw6sbGFaOrxdJW2k1infVqhYQzbnMD1tO0XukyU4ArGLTzGWGaEaKA81uefuW8efj5B5J9paSFDwDzHIQavrkdG

Դան Ռիթերի ու Ալան Սթամի «Ժողովրդավարությունները պատերազմի մեջ» գրքից

Աղյուսակում ներկայացված են Ռայթերի ու Սթամի հետազոտության արդյունքները: Հեղինակներն ուսումնասիրել են 1816 թվականից մինչև 1990 թվականը տեղի ունեցած բոլոր պատերազմները: Նրանց հետազոտությունը ցույց է տալիս, որ պատերազմներում նախահարձակ կողմ հանդիսացած ժողովրդավարությունները հաղթել են այդ պատերազմների 93 տոկոսում, բռնապետական ու օլիգարխիկ ռեժիմների համար այդ ցուցանիշը համապատասխանաբար 60 և 58 տոկոս էր: Ժողովրդավարություններն ավելի արդյունավետ էին նաև այն պատերազմներում, որոնցում հարձակման էին ենթարկվել: Այդպիսի պատերազմների 63 տոկոսում ժողովրդավարությունները հաղթանակ են գրանցել: Հարձակման ենթարկված օլիգարխիկ ռեժիմների 40 տոկոսը ու բռնապետական ռեժիմների միայն 34 տոկոսն են կարողացել այդ պատերազմներում հաղթել: 

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, ժողովրդավարությունները, ի համեմատ քաղաքական ռեժիմների այլ տեսակների, ավելի արդյունավետ ու կայուն են: Աշխարհում, իհարկե, գոյություն ունեն արդյունավետ ավտորիտար ռեժիմների օրինակներ, սակայն դրանք պատկանում են բացառությունների, այլ ոչ թե օրինաչափությունների թվին: Հայաստանում առկա խնդիրները ժողովրդավարական մոդելի հետ կապելը խնդրահարույց է նաև այն առումով, որ Հայաստանը միջազգային որևէ ցուցիչով ժողովրդավարություն չի համարվում: Հայաստանը լավագույն դեպքում միայն սկսել է անցումը դեպի ժողովրդավարություն և դեռևս շատ երկար ուղի պիտի անցնի կայացած ժողովրդավարություն դառնալու համար: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»