«Արցախում ներքաղաքական կյանքը բացարձակապես լարված չէ, որովհետև բոլորը լսելի են». Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, Ազգային ժողովի հինգ խմբակցության ջանքերով շրջանառության մեջ եք դրել «Արցախի օկուպացիայի մասին» օրենքի նախագիծը։ Կխնդրեմ մանրամասնեք նախագծի բովանդակության ու նպատակի մասին։

– Նախագծի վրա դեռ աշխատելու տեղեր կան, հետևաբար վերջնական մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց ընդհանուր ասեմ, որ հստակ է մի բան՝ պատերազմից հետո պետք է իրավական ռեժիմ սահմանել այդ տարածքների համար։ Քննարկումներն այս թեմայով վաղուց կային, հիմա վերջնական որոշվեց, ու օրենքի նախագիծ մշակվեց, որի տակ ստորագրել են խորհրդարանում ներկայացված հինգ խմբակցություններն էլ, այսինքն՝ ամեն խմբակցությունից լինելու է համահեղինակ։

Նախատեսվում է արտահերթ նիստում քննարկել այս հարցը, երկու ընթերցմամբ պետք է ընդունվի նախագիծը, իսկ այդ ընթերցումները նախատեսվում են մինչև փետրվարի 20-ը ավարտել։ Նախագծի ընդունման հետ կապված, կարծում եմ, որևէ խնդիր չի լինելու, որովհետև ամեն խմբակցությունից համահեղինակ կա նախագծին, ու, ըստ այդմ, խմբակցությունների ներսում կոնսենսուս կա։

– Նախագծի գաղափարն իշխող ուժի՞նն է, թե՞ խորհրդարանում ընդգրկված քաղաքական բոլոր ուժերինը։

– Ընդհանուր է որոշվել։ Չէի ուզի որևէ մեկը կոնկրետ իրեն վերագրի այս նախաձեռնությունը, բոլորս էլ գիտակցում էինք, որ սրա անհրաժեշտությունը կա, ու պատահական չի ընտրված այս ձևաչափը, նախագիծը ներկայացնելու մասով նկատի ունեմ։

– Պարո՛ն Հարությունյան, իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք այս օրենքի նախագծից, ո՞րն է լինելու սրա արդյունքը։

– Իհարկե Ադրբեջանը սրան բավականին ծանր է արձագանքելու, բայց սա անհրաժեշտություն է․ դեռևս 2021 թվականի ամռանը այս նախագծի մասին խոսակցություններ կային, պարզապես պետք էր ամեն ինչ մանրակրկիտ մշակել։ Սա մեր կողմից սպասված նախագիծ է, բացի այդ՝ մեր Սահմանադրությամբ է ամրագրված տարածքային բաժանումը։

– Կարծում եք՝ ՀՀ Ազգային ժողովը կհետևի՞ ձեր օրինակին, ու այստեղ էլ նման նախագիծ կմշակեն, թե՞ գուցե Արցախի խորհրդարանականները նման առաջարկով դիմեն Հայաստանի խորհրդարանին։

– Նման քննարկումներ չեն եղել, բայց չգիտեմ՝ իրավական տեսանկյունից որքանով է Հայաստանի խորհրդարանն իրավասու լինելու առանձին պետության տարածքների վերաբերյալ օրենք ընդունել կամ չընդունել։

– Արցախի Հանրապետության խորհրդարանում աշխատանքներն առհասարակ ինչպե՞ս են ընթանում, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները խանգարո՞ւմ են բնականոն ու արդյունավետ աշխատանք իրականացնելուն։

– Փորձում ենք հնարավորինս արդյունավետ աշխատել բոլոր հարցերով՝ ոչ միայն խորհրդարանը, այլ նաև կառավարությունը: Եթե հետևեք վերջին խորհրդակցություններին, կտեսնեք, որ գրեթե բոլոր խորհրդակցություններին հրավիրվում են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք ևս իրենց ներդրումն ունենան այս կամ այն գործընթացում, բոլոր առողջ գաղափարներն էլ մեզ համար ընդունելի են։ Կան նաև շատ հարցեր, որտեղ նաև ընդդիմությունն է շատ կառուցողական արձագանքել։

Կառավարությունը հիմա ևս այս ոճով է աշխատում, ու որոշումներ ընդունելիս հրավիրվում են և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական պատգամավորներ՝ փորձելով նաև օրենսդիր-գործադիր կապն ավելի խորացնելու։

Ընդդիմադիրները ևս փորձում են աջակցել իրենց առողջ քննադատությամբ․ սա շատ ավելի լավ բանաձև է, քան, օրինակ՝ Հայաստանում կա, որովհետև այդտեղ կարծես չկա այդ երկխոսությունը, քննադատությունն ու պատասխանը մեկ ուղղությամբ են, ու այդ համագործակցությունը ու ընդդիմության առողջ միտքը, որը կարող է իսկապես օգնել կառավարությանը, կարծես թե տեղ չեն հասնում։ Հայաստանում մենք չենք տեսնում ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը, բայց, կարծում եմ, Արցախում դա կա։

– Ձեր գնահատմամբ՝ Արցախում ներքաղաքական կյանքը լարված չէ՞, պարո՛ն Հարությունյան։

– Բացարձակապես լարված չէ, որովհետև բոլորը լսելի են, իհարկե կան որոշ իրարանցումներ՝ կապված նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հետ, օդում առկախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, որոշակի վերադիրքավորումներ տարբեր թիմերում տեսանելի են, բայց, ընդհանուր առմամբ, լարվածություն չկա, ամեն բան առողջ մթնոլորտում է անցնում։

– Այլևս չկա՞ նախագահի հրաժարականի, նոր ընտրությունների անցկացման պահանջ։

– Դրա մասին խոսելը հիմա շատ վաղ է, մեր առաջնահերթությունը սահմանադրական բարեփոխումներն են, ու այստեղ շատ լավ կլինի և այդպես էլ կա: Հիմա հանձնաժողով է ստեղծվում, որտեղ ընդգրկված են լինելու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ու քանի որ այս գործընթացը նաև Արցախի սուբյեկտայնությունն ընդգծելու մեծ քայլ է, շատ լավ կլինի, որ բոլոր ուժերի տեսակետները հաշվի առնվեն, ու փոփոխությունները սպասարկեն հանրության բոլոր շերտերին։

– Պարո՛ն Հարությունյան, թիրախային փոփոխությունները որո՞նք են լինելու Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ։

– Թիրախային է կառավարման մոդելի փոփոխությունը՝ սուպերնախագահականից անցում կիսանախագահականի։ Թիրախներից մեկն էլ լինելու է տարանջատել խորհրդարանական ու նախագահի ընտրությունների օրերը, որովհետև գործող Սահմանադրությամբ նույն օրն է, իսկ մեր կարգավիճակում դա բավականին շատ ռիսկեր է պարունակում։ Այս երկու փոփոխությունն է թիրախային, իսկ մնացյալը քննարկումների ժամանակ պարզ կդառնա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am