Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչ մի բանի առջև չկանգնել իր իշխանությունը երկարաձգելու համար. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նախապես հայտարարեց, որ Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության գործ է հարուցվելու, և հետո գործը հարուցվեց։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ վարչապետը հրապարակավ կանխորոշում է իրավապահ մարմնի գործողությունը։

– Որևէ ժողովրդավար կամ իրավական պետության հարիր չէ մարդկանց անհիմն ձերբակալել, բռնաճնշումների ենթարկել՝ սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տարված: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ անում է հօգուտ իրեն ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար: Միանշանակ է, որ նաև Թևանյանի գործը արվում է մի բանի համար՝ ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչ մի բանի առջև չկանգնել իր իշխանությունը երկարաձգելու համար: 

– Իշխանության կողմից նման գործիքների կիրառումը կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։

– Եթե իշխանությունը գնում է այս ճանապարհով, ապա այս երկու-երեք դրվագը չի բավարարելու ցանկալի արդյունքի հասնելուն: Ցանկալի արդյունք ապահովելու համար պետք է գնա լայնամասշտաբ բռնաճնշումների, ըստ էության այդ ճանապարհի վրա է Նիկոլ Փաշինյանը: Ռուբիկոնն անցնելուն մնացել է մի քայլ, ու չեմ բացառում, որ դա կանի ու կսկսի զանգվածային ձերբակալություններ, քաղաքական ուժերին ընտրապայքարից հանելու փորձեր և այլն: 

Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանային ձայներ ունենար, օրինակ՝ 40-45 տոկոս, ապա այդ դրվագային դեպքերն արդյունք կապահովեին, բայց ինքը գիտի, որ իրեն շատ է պակասում, ու պետք է շատ ավելի կտրուկ քայլերի գնա՝ մասսայական դարձնի ձերբակալությունները, ընտրական իրավունքի խախտումները և այլն: 

Առայժմ դեռ իր գործողությունները չեն ապահովում իր հաղթանակը, ու ակնհայտ է, որ այս պահին ՔՊ-ն գուցե առավել շատ ձայն հավաքող ուժն է, բայց ակնհայտ է, որ հաղթող ուժը չէ: Հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ընտրական իրավունքի խախտումների գնալ: 

-Պարո՛ն Խաչատրյան, եթե իշխանությունը գնա ընտրական իրավունքի նման խախտումների ճանապարհով, պատասխանատվության ի՞նչ մեխանիզմներ կարող են գործել։

– Ցավոք սրտի, Փաշինյանի արած արտահայտությունը՝ Կառավարությունը ես եմ, կարող է համաչափորեն կիրառվել մյուս պետական կառույցների վրա: Պետական համակարգի ուզուրպացիան արդեն իսկ փաստ է, հետևաբար իրավական ճանապարհով այս պահին Նիկոլ Փաշինյանին օրենքի խախտումներից հետ պահելն անհեռանկար գործ է, բայց դա կարող է հանգեցնել ժողովրդական ընդվզման, երբ ժողովուրդը պաշտպանում է իր գողացված քվեն կամ ընտրական իրավունքը ապօրինի միջամտությունից: 

Ես չեմ զարմանա, եթե առաջիկայում պայթի համաժողովրդական մի ցույց, ինչն ուղղված կլինի Նիկոլ Փաշինյանի դեմ, ու այդ պարագայում արդեն ընտրական ցուցակները, ծրագրեր և այլն կմղվեն երկրորդ պլան, ու այդ ժողովրդական հուզումները կվերածվեն համաժողովրդական շարժման:

– Նկատի ունեք, որ դա լինելու է մինչև ընտրություննե՞րը:

– Կախված կլինի բռնաճնշումների ալիքից. պատկերացրեք՝ Փաշինյանը փորձի իշխանական լծակներն օգտագործելով՝ իր ասած «պատերազմի եռագլուխ կուսակցությանը», թող մեր ընթերցողն ինձ ների, մեջբերում եմ Փաշինյանի բառերը՝ «սատկացնել կամ կզըցնել», ամեն պահի ընտրական պայքարը կարող է վերածվել քաղաքական, համաժողովրդական հզոր պայքարի:

– Պարո՛ն Խաչատրյան, ինչպես եք վերաբերվում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, ու մեղավորները պետք է պատժվեն:

– Ծիծաղով ու փիլիսոփայորեն: Նիկոլ Փաշինյանի համար «Մարտի 1»-ի գործը եղել է նախընտրական բուկլետ: Նա այս մասին հիշում է միայն նախընտրական շրջանում, իսկ հողի վրա տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը սրբադասում է Մարտի մեկը իրականության մեջ: Սրա պատասխանատուն էլ է Նիկոլ Փաշինյանը: Մարտի մեկը չբացահայտելու հետևանք եղավ այն, որ մարտի մեկի անմեղ զոհերի արյունը, մարտի մեկ իրականացնողները կարող են շահարկել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am