Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կդառանա մշտապես արնածոր զենք` մարդկային եւ նյութական կորուստներով. Արա Պապյան

Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կդառանա մշտապես արնածոր զենք` մարդկային եւ նյութական կորուստներով. Արա Պապյան
Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կդառանա մշտապես արնածոր զենք` մարդկային եւ նյութական կորուստներով. Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, այս օրերին մենք ականատես եղանք Ռուսաստանի հակահայ քաղաքականությանը, երբ պարզվեց, որ Հայաստանին զենք չի վաճառվել, իսկ մյուս կողմից մեր ռազմավարական դաշնակիցը զինում է Ադրբեջանին: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը:

-Մենք ժամանակային առումով մի փոքր ավելի լայն պետք է նայենք այս ամբողջին և պետք է հիշենք, որ նման բան եղել է նաև 1990-ական թվականներին, երբ որ երկու կողմերին էլ զենք էր տրվում, բայց սկզբում Ադրբեջանին էր մեծաքանակ զենք փոխանցվում, հետո մի 5-6 ամիս անց՝ Հայաստանին: Եվ մենք այդ ընթացքում կորուստներ էինք ունենում, հետո ստիպված էինք լինում վերագրավել որոշակի տարածքներ: Իմ կարծիքով՝ Ռուսաստանն իր քաղաքականությունն է իրականացնում, դա այն է, որ երկու կողմերին էլ իրեն կապած պահի և իր ազդեցությունն ունենա: Բայց հասարակություններն արդեն հասունացել են, և սա առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերի տեսանկյունից վտանգավոր խաղ է: Դրա մասին արդեն ռուս վերլուծաբաններն են նշում, որ երկու երկրներին էլ սիրաշահելու քաղաքականությունն ի վերջո կհանգեցնի նրան, որ երկու կողմերն էլ Ռուսաստանից երես կթեքեն, և այդ երկիրը կկորցնի իր միակ դաշնակցին Հարավային Կովկասում: Մենք վերջին շրջանում արդեն տրամադրությունների էական փոփոխություն ենք նկատում ոչ միայն հասարակության շրջանում, այլև՝ որոշ պաշտոնյաների, որոնք համարձակվում են ինչ-որ չափով դժգոհել ռուսական քաղաքականությունից: Այն բոլոր ռուսական փաստարկները, որ՝ եթե մեզանից զենք չգնեն, ուրիշից կգնեն, դրանք ընդհանրապես որևէ քննադատության չեն ենթարկվում, որովհետև նման զինատեսակներ ունեն շատ քիչ երկրները՝ ընդամենը 2 կամ գուցե 3 երկիր, որոնցից որևէ մեկը, բացի Ռուսաստանից, չի վաճառում: Այսինքն, դրա ֆիզիկական գոյությունը կասկածի տակ է, երկրորդ կան սահմանափակումներ, որ, օրինակ, ԱՄՆ-ն չի կարող վաճառել: Բացի այդ, այստեղ կարևոր խնդիրներից մեկն այն է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, միջնորդ է, ինչը նշանակում է, որ ինքն ընդհանրապես չի կարող գործողություններ անել, որոնք կհակասեն միջնորդական առաքելության նպատակին՝ այն է՝ խաղաղության հաստատումը: Ցավոք սրտի, Ռուսաստան պետությունում գտնվող որոշ մարդիկ իրենց անձնական շահը վեր են դասում հենց նույն Ռուսաստանի ռազմավարական շահերից:

-Մի կողմից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 80-ական թվականների զենքով է կռվում հայկական բանակը, բայց մյուս կողմից էլ Պաշտպանության նախարարն ասում է, որ ունենք զենքեր, որոնց մասին թշնամին կարող է երազել միայն: Հիմա ի վերջո, ի՞նչ վիճակ է այս հարցում:

-Ասել ամեն ինչ կարելի է: Եկեք վերլուծենք այն, ինչ հայտնի է դարձել մեզ: Միգուցե ինչ-որ զենք ունենք, որով կարող ենք խփել և Բաքուն աշխարհի երեսից վերացնել, բայց ակնհայտ է, որ դա ամեն օր չես կիրառի: Այսինքն, դա փրկության վերջին հույսն է: Հիմա խնդիրն այն է, որ սովորական սպառազինությամբ էլ դու պետք է կարողանաս ճիշտ կազմակերպել պաշտպանությունը և թույլ չտաս, որ լինեն զոհեր, որոնցից կարելի էր խուսափել: Այսինքն, զոհերի թիվը կարելի էր հասցնել նվազագույնի: Հիմա մենք արդեն գրեթե 100 զոհեր ունենք, հարց է հնչում՝ արդյոք արդարացված էին այդ բոլոր զոհերը: Եվ եթե մեկ-երկու զոհ անգամ արդարացված չէ, դա խնդիր է:

-Անգամ բահերով կռվելու մասին են խոսել զինծառայողները:

-Բահերով են կռվել, որովհետև փամփուշտներն են վերջացել: Իսկ փամփուշտները վերջացել են, որովհետև ասում են՝ դե, իրենց հասնելիքն իրենք ունեին: Ուրեմն այն մարդը, որը հաշվարկել է այդ հասանելիքի չափը՝ առաջնորդվելով դասական ռազմագիտության օրենքներով, սխալ է արել: Պետք էր հաշվի առնել, որ պոստերը գտնվում էին ահանգին հեռավորության վրա, դրանց հասնել չէր լինի: Երբ որ զինվորականներն ասում են՝ մենք չէինք կարող հասնել օգնության, որովհետև բոլոր ճանապարհները ռմբակոծվում էին, ինձ համար զարմանալի է: Բա ի՞նչ էիք սպասում, պատերազմի ժամանակ ի՞նչ պետք է լիներ: Խնդիրը հետևյալն է՝ այո, հզոր զենք ունենալը կարևոր է, բայց նաև մենք խնդիր ունենք ոչ միայն պաշտպանել երկիրը, այլ նաև՝ նվազագույն զոհեր ունենալ: Նորագույն տեխնիկական միջոցները ներառումը և այլն, այդ ամբողջը կարևոր է: Երբ մենք ասում են՝ փող չկա, գուցե փող չկա հարյուր միլիոնավոր զենքեր առնելու համար, բայց հաստատ փող կա մի քանի միլիոն դոլարի սարքավորումներ կամ կապի միջոցներ գնելու համար: Անգամ ներկա ֆինանսավորման պարագայում այդքանը կարելի էր անել: Էլ չեմ ասում, որ ճիշտ կառավարման պարագայում կարելի էր ֆինանսավորումը բարձրացնել:

-Իսկ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին հասարակության մեջ: Կարծես մարդիկ հասկացել են, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը:

-Ռուսները սա կոչում են «հակառուսական տրամադրություն», որովհետև իրենք ռուսական քաղաքականության նկատմամբ ցանկացած դժգոհություն ընդունում են որպես հակառուսական տրամադրություն: Իրենք սովոր են, երբ որ իրենց նկատմամբ միշտ երջանկության և հրճվանքի հայացքներ լինեն ուղղված: Ոչ, այդպես չէ: Աշխարհում չկա նման երևույթ, որ ռազմավարական դաշնակիցն իր դաշնակցի թշնամուն զենք վաճառի: Նման բան չի լինում, դա նշանակում է, որ ինքը դաշնակից չէ: Դաշնակից նշանակում է, որ մենք ունենք ընդհանուր թշնամի: Եթե Ռուսաստանն ասում է, որ ինքը չի կարող մի կողմին պաշտպանել, նախ, այստեղ պաշտպանելու խնդիր չկա: Խոսքը նրա մասին է, որ կարելի է զենքի մատակարարման գոնե հավասարություն պահպանել, իսկ դա ակնհայտ հավասարություն չէ: Մյուս կողմից, եթե դա չես կարող, ուրեմն Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմանագիր մի կնքիր: Եթե չես կարող կատարել այդ պարտավորությունը, մի ստանձնիր դա: Իրենք մի ձեռքով մի բան են ստորագրում, հետո ուրիշ բան են անում: Մի արեք, մենք էլ կիմանանք, որ չունենք դաշնակից, մենակ ենք, ըստ դրա էլ մեր քաղաքականությունը կիրականացնենք:

-Այսինքն, այսօր դա՞ է տեսել մեր հասարակությունը:

-Այո, այսինքն, աչքերը բացել է ու տեսել, որ պետք է գնահատել պետությունների վարքը ոչ թե ինչ-որ քաղցր արտահայտություններով ու պատմական հղումներով, այլ կոնկրետ գործերով: Ծառը պտուղից է իմացվում, դա Աստվածաշնչյան խոսք է: Այսօր Ադրբեջանին զենքի մատակարարման պատճառով ունենք 100-ավոր վիրավորներ ու մոտ 100 զոհ: չլիներ այդ մատակարարումը, հաստատ Ադրբեջանը չէր գնա պատերազմի, մենք էլի զոհեր կունենայիք, բայց մենք մի քանի օրվա մեջ այդքան զոհ չէինք ունենա: Արդարացում չկա այն բանին, որ փողի համար պետք է ծախսել դաշնակցի արյունը:

-Վերջին շրջանում նաև Արցախում խաղաղապահների տեղակայման հարցն է առաջ եկել: Եթե նման բան լինի, ինչի՞ կհանգեցնի:

Մենք ցանկացած երևույթ ճիշտ գնահատելու համար պետք է դիտարկենք նախկինում ինչ է եղել, դրանից էլ եզրակացնենք, թե ապագայում ինչ կարող է լինել: Մենք պիտի հիշենք,  որ երբ Ռուանդայում ցեղասպանություն էր, երբ 800 հազար մարդու դանակներով կտրատեցին, այնտեղ կային խաղաղապահ ուժեր, և ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժեր էին տեղակայված նաև նախկին Հարավսլավիայի տարածքում, այսինքն՝ փորձը ցույց է տալիս, որ եթե կողմերն իրենք չեն եկել խաղաղության, խաղաղապահ ուժերը ոչինչ չեն կարող անել: Հիմա, խաղաղապահ ուժերը դրանք ընդամենը հրազենով զինված դիտորդական առաքելություն են լինելու: Մենք, ճանաչելով մեր թշնամուն, որի համար գոյություն չունի ոչ մարդկային, ոչ միջազգային իրավունքի պարտավորություն, ինքը պիտի նայի, որ դիմացը խաղաղապահներ են կանգնած և ասի՝, վայ, դրա համար չեմ հարձակվո՞ւմ: Չէ, ինքը հարձակվելու է, լավագույն դեպքում խաղաղապահներին ասելու է՝ մի կողմ քաշվեք, վատագույն դեպքում խաղաղապահներին էլ է դնելու կոտորելու, իսկ վերջում ասելու է՝ հայերը կոտորեցին: Հետևաբար, խաղաղապահ ուժերը որևէ բան չեն տալու: Առավել ևս, որքան ես հասկացա, այսպես է նախատեսված, խաղաղապահ ուժերի տեղակայում շփման գծով, հետո այդ ուժերի տեղակայում դրանից հետո, ըստ էության ԼՂԻՄ-ի սահմաններում, հետո այդ երկու գծերի միջև ադրբեջանական «խաղաղ բնակչության վերադարձ»: ԼՂԻՄ-ի շրջափակումը դա նշանակում է վերադարձ ամենավատ տարբերակին: Եթե այդ հարցին պետք է վերադառնանք, ավելի լավ է ընդհանրապես լքենք ամբողջ Ղարաբաղը: Այդ վիճակում դա դառնալու է մշտապես արնածոր զենք, դա ավելորդ մարդկային ու նյութական կորուստների տեղ է լինելու: Ընդունել խաղաղապահ, դա նշանակում է ամեն հարցով վատթարացնել վիճակը, ովքեր էլ լինեն այդ խաղաղապահները: Մենք խաղաղապահներ տեսել ենք Ղարաբաղում: Երբ Սովետական զորքերը մտան Ղարաբաղ, դրանք հենց այդ նույն խաղաղապահներն էին, ճիշտ է, այն ժամանակ այդ անունը չունեին: Սովետն ասում էր՝ ես զորք եմ մտցնում Ղարաբաղի տարածք, որպեսզի խաղաղություն հաստատեմ: Եվ ի՞նչ եղավ: Տասնյակ հայեր, ինչպես իրենք էին ասում, գրոհայիններ ձերբակալվեցին, տանջանքների ենթարկվեցին ու սպանվեցին, հայերին զիանթափեցին, տասնյակ գյուղեր դատարկվեցին: 
Ես կարծում եմ՝ միակ ելքը հետևյալն է՝ Հայաստանում արդար և ճիշտ կառավարման հիման վրա բարելավել տնտեսական վիճակը, իսկ մինչ այդ շտապ Սերժ Սարգսյանը թող կանչի այս օլիգարխներին, որոնք միլիոններ են թալանել ու ամեն մեկին ասի, թե ինչքան գումար պետք է տրամադրեն: Թող նախնական զենք  ու սարքավորումներն առնեն, որ հաջորդ պատերազմին մենք դիմակայենք, իսկ հաջորդ պատերազմը ամիսներ հետո է լինելու, ոչ թե տարիներ անց: Իսկ երկարատև ժամանակահատվածի համար պետք է էապես փոխվի պատերազմի տրամաբանությունը, պետք է հասկանալ, որ 21-րդ դարի պատերազմը դա ֆիդայական պետերազմ չէ, դա բարձր տեխնոլոգիների պատերազմ է:

Էմմա Մանուկյան

© Medialab.am