Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման

Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում ապրիլի 26-ին կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը նաև տեղեկացնում է,որ խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս պապն ասել է,որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր,ով մեզ թողեց աղոթքի գիրք,որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը: Գրիգոր Նարեկացին համաշխարհային համընդհանուր սիրո փայլուն օրինակ է,որին կոչված են բոլոր քրիստոնյաները»։

Նորին Սրբությունը նաև նշել է,որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով,նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը։