«Երիտասարդ մահ՝ 30 տարեկան, բոլորս ցնցված էինք, պիտի չլիներ էդպիսի բան, բայց էս վիրուսն անկանխատեսելի է». Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը անկանխատեսելի ու անսպասելի է որակում կորոնավիրուսային հիվանդության առաջացրած բարդությունները: Բուժանձնակազմին վերջերս ցնցել է 30-ամյա քրոնիկական հիվանդություններ չունեցող երիտասարդի մահը:

«Մեզ մոտ մահերը հիմնականում եղել են 1924 թիվ, 1925 թիվ՝ տարիքով ու լիքը քրոնիկական հիվանդություններով, բայց որ երիտասարդ մահ՝ 30 տարեկան, բոլորս ցնցված էինք, պիտի չլիներ էդպիսի բան, բայց էս վիրուսն անկանխատեսելի է, իմունիտետի հետ կապված օրգանիզմի առանձնահատկությունից է, չգիտես՝ հաջորդ պահին ինչ կլինի»,- ասում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

Բեյբությանը «Մեդիալաբի» հետ զրույցում պատմում է, որ երիտասարդին ընդունել են երկկողմանի թոքաբորբով, սակայն ոչ ծայրահեղ վիճակում:

«Տանը բուժում արել էին, ինչ-որ բուժում ստացել էր, բայց էնպես չէր, որ շատ ուշացած էին մեզ դիմել, ուղղակի ինքը դուրս չեկավ էդ վիճակից, խորացավ, խորացավ ու դուրս չեկավ: Այնպես չի, որ մենք իրեն ծայրահեղ ծանր ենք ընդունել: Մի օր մեզ մոտ է եղել, ընտանիքով էին՝ հայրը, մայրը և տղան: Տղայի վիճակը ծանր էր, երկկողմանի թոքաբորբ էր, տեղափոխեցինք Երևան, ընտանիքին էլ, մայրը նույն օրն էր մահացել՝ տեղափոխված օրը, տղան՝ մի քանի օր հետո»,- նշում է Բեյբությանը:

Բեյբությանն ընդգծում է, որ կորոնավիրուսի դեպքում հիվանդությունը յուրաքանչյուր օրգանիզմում տարբեր ընթացք է ստանում: «Ամեն մեկինը տարբեր է ու անկանխատեսելի, չգիտես՝ 10 րոպե հետո ինչ ընթացք է ստանալու»,- նշում է նա:

Չնայած հիվանդությունը կյանքեր է խլում, և վարակվածների թիվը զգալի է, սակայն Բեյբությանը զարմանքով նկատում է, որ Գյումրիում կան մարդիկ, որոնք թերահավատորեն են մոտենում հիվանդությանը. «Ասում են՝ բայց էդ հիվանդությունը գոյություն ունի՞, չգիտես ինչ պատասխան տաս, ասում եմ՝ ինչպե՞ս կարող եք նման բան ասել, բա մենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղված էսքան տանջանքի մեջ: Դուք վիրավորում եք, որ այդ արտահայտությունը անում ենք»:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը նշում է, որ վարակակիրները հաճախ ուշացած են հիվանդանոց դիմում, ինչի պատճառով էլ ավելի բարդացած է լինում նրանց վիճակը: 

«Ովքեր բացահայտվում են, հիմնականում ծանր է լինում իրենց վիճակը, ձգձգված ընթացքով են դիմում, ուշ են դիմում, մնում են տանը, ծանրանում են, նոր են մեզ դիմում: Ամաչում են, կոմպլեքսներ ունեն, որ, վայ, եթե դրական հաստատվի, մեր ընտանիքին լրիվ մեկուսացնելու են, չենք կարողանա աշխատել և այլն: Բազմիցս ունեցել ենք նման խնդիրներ, ծանրացած վիճակում նոր են դիմում՝ արդեն ստիպված»,- նշում է նա: 

Բեյբությանի դիտարկմամբ՝ կանոնների կիրառումը, դիմակի կրումը թույլ տվեց, որ հիվանդություւնը որոշ չափով նահանջի. «Նաև մեծամասնությունը վարակվեց արդեն ու կայուն իմունիտետ ունի, էլ չեն վարակվում, կարծում եմ՝ դա էլ իր մեծ դերը ունեցավ»,- ասում է Բեյբությանը:

Սակայն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը հորդորում է զգոնությունը չկորցնել և պահպանել կանոնները, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը վերջնականապես հաղթահարել.

«Մի քիչ էլ դիմանանք ու պահենք, որ լրիվ, հիմնովին դուրս գանք այս վիճակից, դժվար մասն անցել է արդեն, հիմա բժիշկները թեթևացած են, հանգստանում են, ոմանց արձակուրդ ենք ուղարկել, որ այս ընթացքում մի կերպ հազիվ աշխատում էին, էլ չէին դիմանում, հիմա այդ հանգստի պահն է, կարող է հարաբերական հանգստի պահն է, չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի»,- նշում է Աստղիկ Բեյբությանը: 

Արփինե Արզումանյան

MediaLab.am