Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը։

Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական նյութերի ժողովածուներ, ֆրանեսերեն հնատիպ գրքեր։ Գրականությունը կներկայացնի Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Ասպրամ Աշուղյանը։

Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, գրադարանի փոքր դահլիճում (Թամանյանական մասնաշենք) «Ֆրանսալեզու կանադական գրականության ակունքները և զարգացումը» թեմայով դասախոսություն կկարդա Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Այվազյանը։

Ապրիլի 28-ին՝ ժամը 14։00-ին, գրադարանում (Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ) կբացվի «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրությունը։ Միաժամանակ կկայանա հանդիպում թարգմանչուհի, արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։

Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում (Թամանյանական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենան «Ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահին» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն (զեկուցող՝ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյան):

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից։