Տեղյակ չենք, չգիտենք. ո՞վ է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող պատասխանատուն, կողմերն իրար են մատնացույց անում

Չնայած հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքը, սակայն սուպերմարկետներում արդեն 5-րդ օրն է՝ առևտուրը շարունակում է իրականացվել սովորականի պես՝ տոպրակներով: 

«Երևան սիթի», «Զովք», «ՄՋ» և այլ խանութներից հաճախորդները անարգել գնում են մեկանգամյա օգտագործման տոպրակ և տեղափոխում գնած ապրանքը։

Ըստ ուժի մեջ մտած օրենքի՝ այն տնտեսվարողները, որոնք 2022 թ. հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Օրենքի խախտման դեպքում տույժի չափը նշված է, բայց օրենքի կատարման վերահսկումը առկախ վիճակում է։

Օրենքի խախտումը վերահսկող մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ տեղյակ չեն, որ այդ գործառույթն իրենց ենթակայության ներքո է։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունից «Մեդիալաբին» հայտնում են, որ առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկումը իրենց գործառույթներից դուրս է։

Նույն պատասխանն ենք ստացել նաև Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի ներկայացուցչի հետ զրույցում․ «Մենք զանգեցինք քաղաքապետարան, որ ճշտենք՝ նման վերահսկողություն մեզ վրա դրվա՞ծ է, թե՞ ոչ։ Մեզ ասացին, որ ոչ։ Էդ վերահսկողությունը թաղապետարանը չի իրականացնելու, հավանական է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնի»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի ներկայացուցիչը։

Մինչդեռ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչությունից, հղում տալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, հակառակն են պնդում՝ վերահսկողություն իրականացնող մարմինը ՏԻՄ-երն են։

Ռազմավարական քաղաքականության վարչությունից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ ՏԻՄ-երին այս հարցի շուրջ իրազեկման նպատակով գրություն է պատրաստվում։ Խնդիրը մի քանի օրվա ընթացքում կկարգավորվի։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունը կատարվել է 2020թ․-ի գարնանը՝ ապրիլին։

Ըստ նախագծի՝ օրենքի ընդունման նպատակն էր կրճատել շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները:

«Խնդիրն այն է, որ առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Oգտագործված պլաստիկե արտադրանքով, այդ թվում՝ նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Ըստ ԵԱՀԿ գնահատականի՝ պլաստիկե տարաները, շշերը և տոպրակները Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներն են»,- նշված էր նախագծում։

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, որի պաշտոնավարման ժամանակ նախաձեռնվեց պլաստիկի արգելքի գործընթացը, Ֆեյսբուքի էջում հիշեցնում է, որ եթե արգելքը չընդունվեր, ապա ամեն ամիս Հայաստանում շարունակելու էր օգտագործվել ավելի քան 60 միլիոն մեկանգամյա օգտագործման տոպրակ: 

«Հիշեցնեմ, որ եթե արգելքը չընդունվեր, ապա ամեն ամիս Հայաստանում շարունակելու էր օգտագործվել ավելի քան 60 միլիոն մեկանգամյա օգտագործման տոպրակ, որոնց օգտագործման միջին տևողությունը ընդամենը 15 րոպե է, սակայն օգտագործումից հետո ևս մի քանի հարյուր տարի շարունակելու էին սավառնել երկնքում, կախված լինել ծառերի ճյուղերից կամ լողալ Հայաստանի գետերում և լճերում»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:

Հունվարի 5-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ արդեն ուժի մեջ մտած օրենքին՝ ընդգծելով, որ վերահսկողությունը օրենքով դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։

«Մենք պետք է շատ սերտ աշխատենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի կարգավորումը լիարժեք գործի և հասնի իր նպատակին։ Էս պարագայում մենք նաև փորձում ենք ՏԻՄ-երի վերահսկողական գործառույթները որոշակիորեն զարգացնել և հույս ունենք, որ դա պատշաճ մակարդակով կիրականացվի։ Ընդ որում, մենք մոնիտորինգ կանենք ժամանակի ընթացքում, եթե հանկարծ տեսնենք՝ չի աշխատում, վերահսկողությունը կդնենք տեսչական մարմինների վրա»,- նշել է Փաշինյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am