Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին:
«Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը:
Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում:
Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին:
«Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: