«Եթե այդ խմբերը պետք է ուղղակի գան ու կանգնեն Բերձորում՝ խնդրեմ, թող գան, բայց, իմ կարծիքով, ոչինչ չի փոխվի». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, քանի որ մշտապես Բերձորում եք լինում, կխնդրեմ ականատեսի աչքով ասեք՝ ի՞նչ իրավիճակ է այդտեղ ու հարակից գյուղերում:

– Ընդամենը մեկ գյուղ է՝ Աղավնոն, Սուս գյուղում, մեծ հաշվով, բնակչություն չկա: Մարդիկ հուզախառն վիճակում են, պատրաստվում են տեղափոխվելուն: Բնակավայրը լքելու հանգամանքը կարծես թե շատ ավելի ծանր է երիտասարդների համար, որոնք կա՛մ այստեղ են ծնվել, կա՛մ մանուկ հասակում են եկել: Մարդիկ ստիպված հավաքում են իրենց իրերը, որպեսզի տեղափոխվեն՝ մի մասը՝ Արցախ, մնացածն էլ՝ այս անորոշություններից ելնելով, Հայաստանի տարբեր բնակավայրեր են նախընտրել տեղափոխվել:

Շրջանառվող լուրերը, որ տեղահանվող բնակչությանը պետական մակարդակով արգելում են ցանկության դեպքում այրել իրենց սեփականությունը, հակառակ դեպքում փոխհատուցում պետք է վճարեն, համապատասխանո՞ւմ են իրականությանը:

 – Այդ մասով տարածվող լուրերը չափազանցված են: Եթե ժողովուրդը որոշի այրել իր սեփականությունը, չկա որևէ մեխանիզմ, որն արգելի նրան անել դա: Իմ կարծիքն ասեմ դրա վերաբերյալ. այդ այրվող բնակարանի կրակը պետք է մարվի, քանի որ խաղաղապահները կանչ են տալու մեր արտակարգ իրավիճակների բաժին, ու նրանք էլ գալու են իրենց գործն անեն:

Իսկ թե հուզական այս ծանր վիճակում ով ինչ քայլի կարող է դիմել՝ դժվար է ասել, բայց լուրերն այդ մասով խիստ չափազանցված են, տեղեկատվական, լրատվական դաշտն անտրամաբանված հուզական ֆոն է ստեղծել: Իրականում մարդիկ զբաղված են իրենց ունեցածը տարհանելու հոգսերով:

– Այդ տարհանումը պետական աջակցությա՞մբ է իրականացվում, թե՞ յուրաքանչյուրն իր միջոցներով է կազմակերպում:

– Շրջանի վարչակազմն ու կոնկրետ համայնքի ղեկավարները տեղեկացված են, ու պետական որոշակի աջակցություն նախատեսված է՝ ըստ իմ տեղեկությունների, թե կոնկրետ ե՞րբ ու ի՞նչ ծավալով դա կտրամադրվի, պարզ կլինի մոտ օրերս: Հայրենակիցների լրացուցիչ ձեռք, որ կարող էին գալ ու օգնել մարդկանց՝ հաստատ չէր խանգարի տեղի բնակչությանը:

– Պարո՛ն Հովհաննիսյան, Բերձորի ինքնապաշտպանության նպատակով նախաձեռնություն էր ձևավորվել, այս մասով ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում ու կարծում եք՝ նմանատիպ նախաձեռնությունները կարո՞ղ են իրավիճակը բեկել:

– Այս պահին տեղյակ չեմ՝ ինչ նախաձեռնություն է ձևավորվել, ես գրեթե անընդհատ գտնվում եմ Բերձորում, Աղավնոյում կամ շրջակայքում՝ Հին Շեն, Բերդաձոր, բայց տեղյակ չեմ՝ ինչպիսի պաշտպանական խմբեր են ձևավորվել: Եթե այդ խմբերը պետք է ուղղակի գան ու կանգնեն Բերձորում՝ խնդրեմ, թող գան, բայց, իմ կարծիքով՝ ոչինչ չի փոխվի: Ամեն ինչ կարելի էր փոխել մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը ու դրանից հետո անցնող երկու տարվա ընթացքում: Եթե լիներ ռեալ, համախմբված աշխատանք, միգուցե ինչ-որ բան փոխվեր, բայց այս պահին՝ չեմ կարծում: Միգուցե մի հրաշքով ստացվի՞:

Քաշաթաղի շրջանում հուշարձանների տեղափոխո՞ւմն էլ է արդեն սկսվել, թե՞ ոչ, պարո՛ն Հովհաննիսյան:

– Կոնկրետ Բերձորում ու Աղավնոյում գտնվող այն հուշարձանային նմուշները, որոնք հաշվառված են Պատմական միջավայրի պետական պահպանության հաշվեկշռում, իհարկե պետք է տարհանվեն, ու դա համապատասխանում է քաղպաշտպանության պլանին: Գործընթացն արդեն սկսվել է, մշակութային նմուշները բավականին շատ են, ու մեր հոգևոր ժառանգությունը թողնել ոսոխի տիրապետության տակ՝ սխալ է:

Մարդիկ արդեն լքե՞լ են իրենց բնակավայրը, թե՞ սպասելու են մինչև վերջին օրը:

– Մարդիկ դեռ դուրս չեն եկել, բայց գույքի մի մասն արդեն տեղափոխել են:

Օգոստոսի 25-ից հետո գործող Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է լինելու, կապահովվի՞ անխափան կապը Արցախի ու Հայաստանի միջև:

– Այդ ճանապարհի մեր վերահսկողության տակ գտնվող հատվածով անձամբ եմ երթևեկել ու որոշակի տեղեկատվություն ունեմ: Անխափան գործել-չգործելու մասով, ճիշտն ասած, չեմ կարող տեսակետ հայտնել, որովհետև միայն մեզանից կախված չէ, կան նաև ռուս խաղաղապահների գործոնը, Ադրբեջանի ցանկությունները: Իսկ այդ ամբողջը պետք է համադրել, հասկանալ, անընդհատ ու քրտնաջան աշխատել, որպեսզի այդ ճանապարհն անխափան գործի:

Իսկ կոմունիկացիաների մասով արցախցիները խնդրի առաջ կկանգնե՞ն, թե՞ ոչ:

– Մեկ դիտարկում անեմ ու խնդրում եմ ճիշտ հասկանալ. գարնանը Ստեփանակերտ քաղաքն ու Շուշիից այս կողմ գտնվող ամբողջ բնակավայրերը զրկվեցին գազից, այդ խողովակի ընդամենը մի փոքր հատվածն էր անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ու նրանք կարողացան դա օգտագործել, որպեսզի լրացուցիչ դժվարություններ պատճառեն խաղաղ բնակչությանը: Չեմ կարծում, թե 5 կիլոմետրը, 10 կիլոմետրը որևէ էական նշանակություն կունենա: Երբ ուզենան՝ կկարողանան խնդիրներ ստեղծել, որովհետև արդեն իսկ իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հատվածով են անցնում գազատարը, բարձրավոլտ էլեկտրալարերի հենասյուները, ինչպես նաև ինտերնետային մալուխը:

Պարո՛ն Հովհաննիսյան, համակարծի՞ք եք այն դիտարկումներին, որ Արցախի իշխանությունն անկեղծ չէ բնակչության հետ, չի ասում նրանց, թե իրականում ինչ զարգացումներ են տեղի ունենում:

– Ճիշտն ասած՝ տարբեր մարդկանց կողմից արվող դիտարկումները կարող են տարբեր աստառ ունենալ, բայց իմ տեսակետն այն է, որ Արցախի իշխանություններն ազգաբնակչության հետ աշխատելու դեռևս շատ տեղեր ունեն:

Եթե իրադարձությունների նման զարգացումների այս ընթացքը շարունակվի, ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել Արցախի ապագայի մասով:

– Արցախի ապագան արցախահայության ձեռքին է՝ ես այդպես եմ կարծում: Քանի դեռ Արցախում ապրում է հայը, հնարավոր է ամեն բան ի նպաստ մեզ օգտագործել: Կարճաժամկետ տեսլականով՝ քանի դեռ ռուս խաղաղապահն այստեղ է, արցախահայությունը շարունակելու է ապրել, աշխատել, բայց որ խնդիրները բազմաթիվ են, ու արտաքին խաղացողների շահերով պայմանավորված մարտահրավերները տարբեր են՝ միանշանակ է, ինչին արցախահայությունը մենակ չի կարող դիմակայել, ու բնական է, որ այսպես երկար շարունակվելու դեպքում գալու է մի պահ, որ հասարակ քաղաքացին մտածելու է իր օջախը լքելու մասին: Հետևաբար անհրաժեշտ է բոլոր առողջ ուժերի ներգրավվածությունը, որպեսզի Արցախը կարողանանք հայկական պահել:

Բերձորի ու հարակից գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանն այլևս չի՞ դիմելու սադրանքների՝ ըստ ձեզ:

– Իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանն ազնիվ պիոներական խոսք է տվել, որ դրանից հետո որևէ պահանջ չի ներկայացնելու կամ որևէ սադրանքի չի գնալու, միանշանակ պետք է սպասել նոր սադրանքների ու պատրաստ լինել:

Իսկ պատրա՞ստ ենք կամ պատրաստվո՞ւմ ենք:

– Չեմ կարող ընդհանուր պատկերի մասով գնահատական տալ, բայց, կրկնում եմ, որ անելու դեռ շատ-շատ բան կա:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am