Փաշինյանն իր քաղաքական վարքով անկանխատեսելի է, նման քաղաքական գործչի հետ ոչ մեկը չի աշխատում. կստանանք վատ հետևանքներ. Փորձագետ

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը

– Պարո՛ն Արզումանյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության վեկտոր փոխել: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական տեղի ունեցող իրադարձությունները ու նաև այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտոր չի փոխում, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Հայաստանի շուրջ:

– Դժվար է ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական վարքով անկանխատեսելի է, մի ամսվա ընթացքում նա 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումն ու օրիենտացիան: Մի կողմից ասում է, որ գնում ենք Արևմուտք ու քայլեր է անում այդ ուղղությամբ, գնում է Գրանադա: Հետո տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն անում է հաջորդ քայլը, տեսնելով Հայաստանի քաղաքականությունը, ընդունում է հայտարարություն, որը համապատասխանում է հայկական շահերին ու որում խոսվում է, որ Եվրոպան ու Արևմուտքը պատրաստ են օժանդակելու անվտանգության հարցերում, եթե Հայաստանը կտրի կապերն իր ռազմական դաշինքների հետ: Հետո Նիկոլ Փաշինյանը հետ է գալիս ու այդքանից հետո հայտարարում, որ ինքը չի փոխում իր ռազմավարական կուրսը: Չի կարելի մի շաբաթվա ընթացքում իրար հակասող քայլեր անել, դա վտանգավոր է և՛ երկրի, և՛ Նիկոլ Փաշինյանի համար: Դու ստանալու ես բացասական հետևանքներ երկու ուղղություններից՝ և՛ եվրոպական-արևմտյան, և՛ եվրասիական: Որպես երկիր՝ պետք է ի վերջո ընտրություն կատարես, իսկ դրա համար եղած ժամանակը բավականին քիչ է: 

– Մասնավորապես երկրի համար ի՞նչ վտանգներ կարող են լինել:

– Հայաստանը մնում է պատերազմական վիճակում: Տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ չեն գնահատվում. Հայաստանը երեք տարի է՝ խոսում է խաղաղության մասին, բայց դա բերեց նրան, որ մենք կորցրինք Արցախը՝ ռուս-թուրքական դաշինքի հետևանքով: Եվրասիական ճանապարհով շարժվելով՝ կորցրինք Արցախը, եթե հիմա հայտարարում է, որ չի փոխում իր ճանապարհները, երբ թշնամիները հստակ ասում են, որ վերցնելու են նաև Սյունիքը: Ինձ համար դա մնում է անհասկանալի, ուզում եք շարունակել նույն կերպ ու կորցնել նաև Սյունի՞քը, որը կլինի հայկական պետականության ոչնչացումը: 

Ես չեմ կարողանում ինչ-որ տրամաբանական քաղաքական բացատրություններ գտնել Նիկոլ Փաշինյանի քայլերին, շատ դժվար է հասկանալ, թե ինքն ի՛նչ է ուզում որպես քաղաքական գործիչ, որովհետև իր ընտրած ճանապարհն աղետ է և՛ երկրի, և՛ իր՝ որպես քաղաքական գործչի համար:

– Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու որոշումը ճի՞շտ է, թե՞ ոչ, պարո՛ն Արզումանյան:

– Նույն հակասության հետ գործ ունենք, հասկանում եք, եթե դու չես պատրաստվում փոխել քո վեկտորը, ինչո՞ւ չես գնում Բիշքեկ: Չի ստացվում գնահատական տալ ու հասկանալ՝ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից, այսօրվա դաշնակիցներից ու թշնամիներից: 

Նիկոլ Փաշինյանը դարձել է անհասկանալի, նման քաղաքական գործչի հետ ոչ մեկը չի աշխատում, իսկ Հայաստանը կստանա վատ հետևանքներ բոլոր ուղղություններից, ինչը կլինի միմիայն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, այլ ոչ թե օբյեկտիվ իրադարձությունների հետևանք: 

Եթե նա չի փոխում արտաքին քաղաքականության վեկտորը, պետք է հրաժարական ներկայացնի, որովհետև 2018-ին ժողովուրդն իրեն ընտրել է նաև այս հարցերի կարգավորման համար: 

– Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ինչի՞ են հանգեցնելու, նկատի ունեմ այն, որ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը Բիշքեկում պատրաստվում են քննարկել արցախահայության ինտեգրման հարցերը, այն դեպքում, երբ Արցախում հայ չի մնացել, նմանատիպ հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Կարող են մի քանի նպատակ հետապնդել, որոնք կախված կլինեն, թե Հայաստանն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Հայաստանն այդ հարցում իրեն որևէ կերպ չի դրսևորում: Երբ Արցախից հայությունը հեռացավ, ինձ համար Արցախի հարցը, ցավոք սրտի, մոտակա ժամանակներում փակվեց: Արցախի մասին կարող ենք մտածել ու խոսել այն ժամանակ, երբ կլինենք շատ հզոր, բայց այսօր Արցախի մասին մտածելն ուղղակի իմաստ չունի: 

Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան կանեն ամեն ինչ, որ ազատվեն ցեղասպան պետության պիտակից, ցույց տան, թե Արցախում հայեր կան, ոչ ոք ոչինչ չի արել, հետևաբար նրանց վարքը հասկանալի է: Այսօր մեզ համար Արցախի հարցը արցախահայության տեղավորումն ու նրանց խնդիրների լուծումն է, իսկ թե ինչի՛ մասին են խոսելու Ալիևն ու Պուտինը Բիշքեկում, ցավոք սրտի, այսօր դա մեզ հետաքրքիր չէ, այդ մասին կկարողանանք խոսել, երբ կչեզոքացնենք Հայաստանի դեմ եղած սպառնալիքները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am