Հայաստանում անցած տարի մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել

Հայաստանում  2023 թվականին մարդկանց վրա թափառող  շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով  քննարկման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված ահազանգների ընդհանուր պատկերը:

«2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերվել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ:

Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում   իրենց անչափահաս երեխաներին միայնակ  ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասաց ոստիկանության գնդապետը:

Նրա խոսքով՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերվում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Ըստ նրա՝ խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում:

«Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի   Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք:

Նշված դեպքերի վերաբերյալ  միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»,- նշեց Կարեն Հակոբյանը:

Անդրադառնալով կենդանիների նկատմամբ  դաժան վերաբերմունքի  մասով արձանագրված դեպքերի քանակին՝ նա նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ:

Խոսելով տվյալ հարցի շուրջ ոստիկանության գործառույթներից՝ Հակոբյանն ընդգծեց, որ ահազանգից հետո ոստիկանությունը դեպքի մասին տեղեկացնում է պատկան մարմիններին, իսկ հետագա ընթացքը ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում: