Համաձայնել այս՝ ավելի ցածր մակարդակով հանդիպմանը Փաշինյանի կողմից զիջում է, Ռուսաստանի կողմից ևս զիջում կա. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ է պետք ունենալ: Հայ-ռուսական հարաբերությունների այս փուլն ի՞նչպե՞ս կգնահատեք:

– Մոտ երեք ամիս առաջ մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որը լարված միջավայրում անցավ, ու ռիսկ կա, որ վարչապետների նոր հանդիպումը ևս կվերածվի բանավեճի: Մյուս կողմից՝ հավանաբար Փաշինյանը շատ մեծ ցանկություն ունի հանդիպելու ու եղած տնտեսական հարցերը լուծելու, հետևաբար համաձայնել է այս՝ ավելի ցածր մակարդակով հանդիպմանը: Սա Փաշինյանի կողմից զիջում է, Ռուսաստանի կողմից ևս զիջում կա, որովհետև սկզբից առհասարակ չեղարկել են վարչապետների հանդիպման ֆորմատը Եկատերինբուրգում, բայց վերջում համաձայնել են: 

Այսպիսով, այս հանդիպումը կարելի է դիտարկել փոքր դեէսկալացիոն քայլ, բայց խնդիր կա, թե առհասարակ ինչ պայմանավորվածություններ են հնարավոր ձեռք բերել, որովհետև այն տարաձայնությունները, որոնք կան, շատ մեծ տեղ չեն թողնում, որպեսզի կողմերը համաձայնության գան: 

Այստեղ կարելի է շատ բան առանձնացել, բայց հավանաբար առաջինը լինելու է ատոմակայանի հարցի շուրջ բանակցությունը, ու քանի որ Փաշինյանը հրաժարվել է ռուսական առաջարկից, որը ֆինանսապես բավականին ձեռնտու է, բայց քաղաքականապես Փաշինյանի համար ձեռնտու չէ, նա մեծ հաշվով արդեն ընտրել է ամերիկյան մոդուլային նախագիծը, պարզ է, որ այստեղ տարաձայնությունը խորքային է, որովհետև ատոմակայանի հարցը երկարատև հարաբերությունների հարց է, քանի որ ատոմակայանը ստեղծում է նաև երկարատև համագործակցության հիմք, ու դա չի տեղավորվելու ներկա հարաբերությունների ձևաչափում: 

Ինչ վերաբերում է հարաբերությունների մակարդակին. առհասարակ դեգրադացիան վաղուց է սկսվել, բայց 2018-ից էականորեն արագացել է, 1992-ից ի վեր այսօր հարաբերությունները ամենացածր կետում են: Խորքային խնդիրն այն է, որ հայկական ուղղությամբ ռուսական քաղաքականության վրա էական ազդեցություն են ունենում Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ ռուսական ուղղությամբ հայկական կողմի վրա էական ազդեցություն է ունենում Արևմուտքը: Այսպիսով, երկկողմ հարաբերություններում բազմաթիվ երրորդ կողմեր են ներգրավված, որոնց նպատակն այս երկկողմ հարաբերությունները տապալելն է: 

Պարզ է, որ Հայաստանի համար հիմա խոշոր խնդիրը տնտեսական սահմանափակումներն են, Ռուսաստանի համար, բացի բոլորի համար հայտնի հանգամանքներից, ճնշումները ռուսական բիզնեսի նկատմամբ, որ վերջերս կիրառում է Փաշինյանը, ինչպես նաև ցանկացած խնդիր մեկնաբանվում է այսպես ասած հակառուսական քարոզչության սոուսով, ու ցանկացած քաղաքական գործիչ, որ համարվում է, թե կապ ունի Ռուսաստանի հետ, միանգամից ձերբակալվում է, կամ նրա նկատմամբ ճնշումներ են սկսվում: Այսպիսով, Ռուսաստանի համար քաղաքական դաշտն ամբողջությամբ փակվել է: 

– Այսինքն՝ էական փոփոխություն տնտեսական այս սահմանափակումների մասով ակնկալել պետք չէ՞:

– Փաշինյանը տեսականորեն կարող է գնալ զիջումների ատոմակայանի հարցով, հավանաբար Ռուսաստանն էլ ևս որոշակի մեղմացման կգնա: Վերլուծական շրջանում սա է գնահատվում որպես հնարավոր ելք, բայց սա շատ վիճելի է, որովհետև պարզ չէ՝ ինչին կհամաձայնի Փաշինյանը, և ինչին՝ Պուտինը: Գուցե հարաբերությունների ողջ շրջանակը սրանով չի սահմանափակվելու, բայց ամեն դեպքում ատոմակայանի հարցը շատ կարևոր է Ռուսաստանի համար: 

– Պարո՛ն Միքայելյան, մենք հիշում ենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ընտրությունից հետո ինքը մեկնելու է Ռուսաստան ու հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ: Ինչո՞ւ մինչև այս պահը տեղի չի ունեցել այդ հանդիպումը:

– Փաշինյանի հաշվարկը հետևյալն է եղել. դուք ինձ չեք աջակցում, ես կհաղթեմ ու հետո՝ որպես հաղթած կողմ ձեզ հետ կխոսեմ: Ռուսաստանն այդքան էլ չի գնահատում Փաշինյանի հաղթանակը, առհասարակ լեգիտիմ չի համարում, ինչպես տեսնում ենք, ու չի ուզում նայել Նիկոլ Փաշինյանի հաղթած աչքերին: Այսպես կարելի է բացատրել հանդիպման տեղի չունենալը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am