Ո՞ւմ է նախատեսվում տրամադրել առաջնահերթություն՝ աշխատավայրում հաստիքի կրճատման դեպքում

ԱՍՀՆ կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունները վերաբերում են աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքի տրամադրմանը։ Ըստ այդմ՝ նման դեպքերում առաջնահերթության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողների կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։

Նախագծով հստակեցվում է պաշտոնին չհամապատասխանելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծմանը վերաբերող կարգավորումը։ Առաջարկվում է աշխատողի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելը որոշել մասնագիտական ունակությունների գնահատման համապատասխան ընթացակարգերը սահմանող ներքին իրավական ակտերին համապատասխան։

Նախատեսվում է ընդլայնել նաև աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի շրջանակը։ Առաջարկվում է օրենքը լրացնել հետևյալ հիմքերով՝

•         դիտավորությամբ և (կամ) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ գտնվելիս գործատուին կամ այլ աշխատողներին կամ այլ երրորդ անձանց գույքային վնաս պատճառելու դեպքում,

•         աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ այլ վայրում, գործատուի աշխատողների կամ ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի կամ այլ երրորդ անձանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում,

•         աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ այլ վայրում հակահրդեհային անվտանգությանը, սանիտարահիգիենիկ պայմաններին և աշխատանքի անվտանգ կատարման կանոններին ՀՀ օրենսդրությամբ և (կամ) գործատուի ներքին և (կամ) անհատական իրավական ակտերով ներկայացվող պահանջները խախտելը, վիրավորանքի և (կամ) զրպարտության միջոցով գործատուի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու դեպքում լուծարել աշխատանքային պայմանագիրը։

Առաջարկվում է մեկ այլ փոփոխություն ևս․ գործող կարգավորումներով՝ աշխատողը պետք է ունենա առնվազն 3 կարգապահական տույժ, որպեսզի գործատուն կարողանա ազատել նրան աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու հիմքով։ Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումը չնայած չի կրել պարբերական բնույթ, սակայն առաջացրել է ծանր հետևանքներ՝ վտանգելով անձանց կյանքն ու առողջությունը։ Ընդ որում, քանի որ մինչև կարգապահական խախտումը տվյալ աշխատողը չի ունեցել առնվազն 2 չհանված կամ չմարված կարգապահական տույժ, գործատուն իրավական առումով հնարավորություն չի ունեցել լուծելու այդ աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն տալ միանգամից լուծել աշխատանքային պայմանագիրն՝ առանց մինչ այդ 2  չհանված կամ չմարված կարգապահական տույժերի առկայությունը հաշվի առնելու։