Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ գերազանցում են Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Այդ օրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել էր 3 հազար 34, իսկ Վրաստանում՝ 3 հազար 38 մահվան դեպք: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166 հազար 94 դեպք՝ 3047 մահվան դեպքով: Նույն օրվա դրությամբ հարևան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 256 հազար 846 դեպք՝ 3071 մահվան դեպքով: 

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվեն հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից:  

Գամկղրելիձեի խոսքով` եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:

«Բնականոն կյանքին վերադառնալու հետ կապված իմ կանխատեսումը հիմնվում է մի քանի գործոնի վրա: Առաջին՝ կարծում եմ, որ վարակը մոտավորապես մեկ տարում կավարտի իր կենսաբանական ցիկլը և հավանաբար կդառնա սեզոնային վարակ, ինչպես օրինակ գրիպը: Հավանաբար, մեզ անհրաժեշտ կլինի սեզոնային պատվաստում: Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին», – հայտարարել է Գամկղրելիձեն և նշել, որ այսօր տարվող միջոցառումները՝ կապված դիմակ կրելու, հեռավորության և հիգիենային պայմանների հետ, պարտադիր են:

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատել էր բավականին կառավարելի:

Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429 հազար 605 դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1 մլն 372 հազար 977 հաստատված դեպքով: Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, ուր կորոնավիրուսով վարակվել է 253 հազար 816 բնակիչ: Հաջորդը Ադրբեջանն է՝ կորոնավիրուսի հաստատված 228 հազար 975 դեպքով: Հայաստանում, ինչպես վերը նշված է, հաստատվել է կորոնավիրուսի 166 հազար 94 դեպք: