Հայաստանը 2 կետով բարելավել է իր դիրքը տնտեսական ազատության ինդեքսում

Heritage Foundation տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 2 դիրքով, փոխանցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում 71,9 միավոր 100-ից՝ բարելավելով մակարդակը 1,3 միավորով:

Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրների հնգյակում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան: Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 38-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը` 168-րդ։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքերում է, մասնավորապես՝ Բելառուս՝ 95-րդ, Ղազախստան՝ 34-րդ, Ղրղստան՝ 78-րդ, Ռուսաստան՝ 92-րդ հորիզոնականներ։

Տնտեսական ազատության ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած են հետևյալ ցուցանիշները՝

օրենքի գերակայություն (սեփականության իրավունք, դատական արդյունավետություն, կառավարության ազնվություն)
կառավարության չափ (հարկային բեռ, պետական ծախսեր, հարկաբյուջետային առողջություն)
կարգավորման արդյունավետություն (բիզնես ազատություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն)
շուկայական ազատություն (առևտրի ազատություն, ներդրումային ազատություն, ֆինանսական ազատություն)
Հայաստանն իր հորիզոնականը բարելավել է կառավարության ազնվություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 1․6-ով՝ 43․4-ից դառնալով 45), դատական արդյունավետություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 1․2-ով՝ 54․1-ից դառնալով 55․3), հարկաբյուջետային առողջություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 15․5-ով՝ 68.8-ից դառնալով 84.3) և աշխատանքի ազատություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 2-ով՝ 72.5-ից դառնալով 74.5) ենթացուցանիշների դիրքերի առաջխաղացման արդյունքում։