ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները

Հեղինակ MediaLab

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում և այլ արտոնություններ: Ընդ որում, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որևէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ։

Հետևաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է իրականացնել իրեն վերապահված գործառույթային լիազորությունները՝ հորդորելով հարկ վճարողներին ժամանակին և ամբողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին