Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել  է  Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.

– Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;

– Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;

– Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);

– Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;

– Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։