«Մտահոգված ենք, որ Հայաստանը սառը պատերազմի է գնում մեր միակ դաշնակցի հետ ու մեզ հանձնում հավաքական Արևմուտքին». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, 19 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում ի՞նչ իրավիճակ է:

– Ամեն նոր սկսվող օրվա հետ, բնականաբար, խնդիրներն ավելանում են, ու եթե մի կողմ դնենք սննդամթերքի, վառելիքի հետ կապված խնդիրները, որոնք, այո՛, կան ու ամեն օրվա հետ սրվում են, մեզ համար գլխավոր մեկ խնդիր կա. օրեցօր վտանգվում է այն մարդկանց ֆիզիկական գոյությունը, որոնք խոցելի խմբում են, որոնք տառապում են ինչ-ինչ հիվանդությամբ ու պետք է վերահսկողության տակ լինեն, իսկ շրջափակման հետևանքով այդ հնարավորությունները սահմանափակվում են, ինչի հետևանքով էլ նույնիսկ այն պարագայում, երբ Կարմիր խաչի միջոցով մի քանի հոգի տեղափոխվում են Հայաստան, օրեցօր ավելանում է ծայրահեղ ծանր մարդկանց թիվը:

Կան հիվանդներ, որոնց նույնիսկ տեղափոխել չի կարելի, բայց շրջափակման պայմաններում պատշաճ բուժօգնություն տրամադրելն է դառնում խնդիր: Կարող ենք փաստել, որ մենք արդեն հումանիտար ճգնաժամի, աղետի մեջ ենք:

Մի կողմից էլ՝ մարդկանց լարվածությունն է մեծանում, որովհետև ինչքան երկարում են շրջափակման օրերը, կրկնում եմ՝ խնդիրը սնունդն ու այդ կարգի հարցերը չեն, այլ վախն է, ու դրա մասին մարդիկ արդեն իսկ բարձրաձայնում են, որ Հայաստանում պատասխանատուները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կրկին կգնան ժողովրդի նկատմամբ դավաճանության ու կհարվածեն թիկունքից:

Այսինքն՝ ինչպես պատերազմի ժամանակ, երբ մեր զինվորը կռվում էր սահմանին՝ չխնայելով կյանքը, նույն իշխանավորները դավաճանեցին զինվորին ու հանձնեցին այն հայրենիքը, որն ինքը պաշտպանում էր կյանքի գնով: Նույն մտավախությունը կա խաղաղ բնակչության մեջ, որոնք վստահ են, որ այս զրկանքներին դիմանալու են, բայց վստահ չեն, որ իրենց նորից թիկունքից չեն խփելու, ու չի ստորագրվի հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը:

Այս լարվածությունը կա, ու կան նաև մեկ-երկու ուժ, որոնք հստակ ղեկավարվում են Հայաստանի իշխանության կողմից ու սինքրոն աշխատում են այդտեղ այնպիսի ուժերի հետ, որոնք փորձում են այստեղից դուրս մղել ռուս խաղաղապահներին:

Երեկ էլ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ դեմ չէ ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցի բարձրացմանը: Ես հստակեցնեմ, որ բազմազգ խաղաղապահ ասելով՝ նկատի ունի թուրքերին:

Այս ամենից ենք մտահոգված բոլորս, որ Հայաստանը սառը պատերազմի է գնում մեր միակ դաշնակցի հետ, ինչի հետևանքով հենց ինքը թշնամանալով դաշնակցի հետ՝ մեզ հանձնում է հավաքական Արևմուտքին, որի վառ դրսևորումները մենք տեսնում ենք Ուկրաինայում ու աշխարհի շատ հատվածներում: Փաստացի Հայաստանի իշխանությունը գնում է սրան, իսկ դա ժողովուրդը չի կարող չնկատել:

– Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է լինելու:

– Ելքը կա, հիմա էլ կա ու միշտ եղել է: Հիմա մենք իրոք այն ամենածայրահեղ վիճակում ենք ու հասել ենք եզրագծին, բայց թունելի վերջում միշտ էլ հնարավոր է հասնել լույսին, եթե դու ունես հստակ նպատակ ու ուղի: Ես այդ լույսը՝ թեկուզ հեռվում, բայց տեսնում եմ, ամբողջ խնդիրն այն է, որ մեր քաղաքացիական հասարակությունն ակտիվ չէ այս առումով:

Ես ընդունում եմ, որ այսօր չկա վստահություն քաղաքական որևէ ուժի, որևէ քաղաքական դեմքի նկատմամբ, դա էլ եմ հասկանում, բայց նման դեպքերում գոնե պատմությունից դասեր քաղենք, որոնք ունենք: Նման պայմաններում մենք կարողացել ենք ինքնակազմակերպվել, որովհետև դա եղել է իսկապես գոյության խնդիր:

Ինչպես Արցախում ենք ինքնակազմակերպվել, չնայած Հայաստանի իշխանություններից կառավարվող ուժերը փորձում են նաև դա խաթարել ու այնպես անել, որ այստեղի միասնականությունը խախտվի, որովհետև այդ դեպքում միայն կարող է հաղթանակ տոնել թշնամին, այնպես էլ Հայաստանում պետք է ինքնակազմակերպվեն:

Եթե մեր քաղաքացիական հասարակությունը չինքնակազմակերպվի, այո՛, մենք կտեսնենք վերջը՝ վատ վերջ: Քաղաքացիական հասարակությունը, մտավորականները, որոնք ամենապասիվն են, պետք է ոտքի կանգնեն ու պահանջեն իշխանություններից կանգ առնել, իրենք պետք է ունենան հստակ պահանջներ ու դիրքորոշում:

Արցախում դա կա, դուք դա տեսաք դեկտեմբերի 25-ին, նույնը պետք է արվի Հայաստանում: Մենք 120 հազարով միգուցե ինչ-որ բեկում մտցնենք, բայց ամբողջովին փոխել իրավիճակը չենք կարող, Հայաստանի օգնությունն էլ է պետք: Ա՛յ դեկտեմբերի 31-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում տոն նշեն, թող ձևակերպված հստակ պահանջներ ունենան ու ներկայացնեն կամ թող միանան այն երիտասարդներին, որոնք պատրաստվում են Ամանորը նշել Եռաբլուրում, ու հստակ պահանջներ դնեն իշխանությունների առաջ, որ հնարավոր լինի կանգնեցնել հերթական կապիտուլյացիան:

Բայց քանի դեռ ժողովուրդը չունի որոշում, իր փոխարեն այդ որոշումները կայացնելու են ազգակործան, թշնամու խամաճիկ իշխանությունները: Այս ամենը պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում մենք չենք փրկվելու: Իր այս որոշմամբ Արցախն առանձին չի փրկվելու, Հայաստանն էլ առանձին չի կործանվելու, մենք միասին ենք փրկվելու կամ միասին կործանվենք:

– Ձեր գնահատմամբ՝ Հայաստանում ինչո՞ւ չի հաջողվում համախմբել մարդկանց, ինչպես դա արվում է Արցախում, տիկի՛ն Հակոբյան:

– Արդեն ասացի, որ չկա վստահություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ, բայց այս պայմաններում էլ մնում է ինքնակազմակերպվել ու չսպասել առաջնորդի: Արցախում չկա առաջնորդ, կան համակարգողներ, որոնք հավաքված են մեկ նպատակի շուրջ՝ փրկել, փրկվել:

Եթե այս գիտակցումը նաև Հայաստան հասնի, պարտադիր չի լինի ինչ-որ մեկի հետևից գնալ, իրենք կինքնակազմակերպվեն, ամեն մեկն իր տեղում կլինի առաջնորդ: Դեկտեմբերի 31-ը շատ լավ առիթ է, երեկոյան տոնախմբության ժամանակ թող հայտարարեն իրենց հստակ պահանջները, դրանից լավ առիթ չի կարող լինել:

– Լաչինի միջանցքի բացման մասով ի՞նչ զարգացում եք կանխատեսում:

– Այն, որ դա ամենևին էլ բնապահպանական ակցիա չէ, արդեն բոլորի համար ակնհայտ է: Սա լուրջ քաղաքական խնդիր է, որը պետք է լուծվի եռակողմ ձևաչափով, որին պետք է ներգրավված լինեն ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը: Թող նստեն ու պարզեն՝ արդյոք Ադրբեջանը չեղարկո՞ւմ է այդ հայտարարությունը, որովհետև սա ոչ թե մի քանի կետի խախտում է, այլ, ըստ էության, այդ թղթի չեղարկումն է:

Քանի դեռ չկա այդ եռակողմ ձևաչափով հանդիպումը, այս հարցը չի լուծվելու, որովհետև ճնշումներն ու պահանջները դեպի ՀՀ շատ լավ տեսնում ենք, ու Ադրբեջանն արդեն բացահայտ է հայտարարում այդ մասին: Լուծումները՝ թե՛ լավ, թե՛ վատ, տրվելու են քաղաքական այս հարթակում, այլ ճանապարհ չկա այս հարցի լուծման համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am