Ճապոնիայում պատրաստվում են մարդկանց վրա գենետիկորեն ձևափոխված խոզերի երիկամների փոխպատվաստման կլինիկական փորձարկումներ անցկացնել։ Նախատեսվում է, որ մինչև 2033 թվականը նման վիրահատությունները կարող են դառնալ երիկամային ծանր անբավարարության բուժման ստանդարտ մեթոդներից մեկը։
DW-ի փոխանցմամբ, խոսքը Մեյձիի համալսարանին կից գործող PorMedTec ստարտափի մասին է, որն արդեն սկսել է գենետիկորեն ձևափոխված խոզերի բուծումը։ Ճապոնական The Mainichi պարբերականի տվյալներով՝ կենդանուց մարդուն երիկամի փոխպատվաստման կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել 2028 թվականին։
«Մենք մտադիր ենք զարգացնել այս մեթոդը՝ որպես երիկամային ծանր անբավարարություն ունեցող հիվանդների բուժման տարբերակ՝ մարդուց մարդուն փոխպատվաստման և դիալիզի հետ մեկտեղ»,- հայտարարել է PorMedTec-ի ղեկավարությունը։
Նախագիծը հաստատելու դեպքում փորձարկումները կանցկացվեն միաժամանակ Ճապոնիայի երկու հիվանդանոցներում։ Նշվում է, որ դրանք երկրում նմանատիպ առաջին կլինիկական փորձարկումները կլինեն։
Ստարտափը նախատեսում է մինչև 2030 թվականը ստանալ կենդանիներից մարդկանց օրգանների փոխպատվաստման պայմանական թույլտվություն, իսկ մինչև 2033 թվականը խոզի երիկամների փոխպատվաստումը դարձնել բուժման ստանդարտ մեթոդ։
Ճապոնական ընկերությունն այս ծրագրի շրջանակում համագործակցում է ամերիկյան eGenesis Inc. կենսատեխնոլոգիական ընկերության հետ, որից ստանում է գենետիկորեն ձևափոխված խոզի բջիջներ։
Խոզերի օրգանիզմում նախատեսվում է կատարել 69 գենետիկական փոփոխություն՝ փոխպատվաստված օրգանի մերժման վտանգը նվազեցնելու և մարդու օրգանիզմի հետ հնարավորինս համատեղելի դարձնելու նպատակով։



















