Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին կայանալիք ամանորյա տոնական համերգին իրենց մասնակցությունը չեն ունենա արցախցի այն երիտասարդները, որոնք Լաչինի միջանցքի փակման հետևանքով մնացել են մայրաքաղաք Երևանում մեկ պարզ պատճառով. «Մենք ամանորի գիշերը տոն չենք ունենալու, որովհետև տոնը հրաշք է, իսկ հրաշք տեղի չունեցավ»:
Այս պատճառով էլ երիտասարդները որոշել են 2023 թվականը դիմավորել «Եռաբլուր» պանթեոնում, իրենց խոսքով՝ ամենաարժանիների կողքին:
«Որոշումը կայացրել ենք հինգով՝ արցախցի ուսանողներս, որ մնացել ենք ճանապարհի այս հատվածում: Երբ հույսը մահացավ, որ մենք կարող ենք մեր ընտանիքների հետ նշել Նոր տարին, Մարիամ Բաբայանը, Օքսանա Բալայանը, Աշոտ Գաբրիելյանը, Մարիամ Հայիրյանը և ես որոշեցինք այդ օրը լինել Եռաբլուրում՝ ամենաարժանիների կողքին, այլ տարբերակ չկա»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ Տիգրան Միքայելյանը:
Երիտասարդների այս կոչին արդեն հասցրել են արձագանքել իրենց բազմաթիվ հասակակիցներ ու ոչ միայն նրանք, ովքեր ստիպված մնացել են Հայաստանում, այլև հենց Հայաստանի բնակիչները: Տիգրանը դժվարանում է արձագանքողների հստակ թիվ ասել, բայց վստահեցնում է, որ նրանք շատ են:
«Արձագանքներ ենք ստացել նաև զոհված տղաների ծնողներից, հանրային դեմքերից, ուսանողներից, մենք միայն ուրախ կլինենք, որ բոլորը միանան մեզ: Սա հնարավորություն է, որ ևս մեկ անգամ ցույց տանք մեր միասնականությունը, որը հիմք կհանդիսանա նորանոր տոներ նշելու համար»,- ասում է Տիգրանն ու ընդգծում, որ այս պահին իրենց համար տոնելու որևէ առիթ չկա, որովհետև «120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են, Արցախը՝ գերության»:
Երիտասարդները վաղվա երթի ժամանակ որևէ պահանջ չեն հնչեցնելու, ուղղակի լուռ քայլերթով գնալու են Եռաբլուր, իրենք այդ ճանապարհն են ընտրել իրենց համար, Տիգրանի խոսքով, «դա իրենց պարտքն են համարում»:
«Սպասելի չէր, որ ճանապարհն այսքան երկար փակ կմնար, բայց մենք վստահ ենք, որ տուն տանող ճանապարհը բացվելու է ու պիտի բացվի»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Միքայելյանը:
Հավելենք, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ին, երիտասարդները հավաքվելու են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, այնուհետև մոմերով շարժվելու են դեպի «Եռաբլուր» պանթեոն:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակել են Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքը՝ Շուշի քաղաքի մատույցներում, բողոքելով Դրմբոնի և Կաշենի հանքերի, իրենց խոսքով, ապօրինի շահագործման դեմ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am