Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին:

Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ դեռևս այս տարվա ապրիլին ներկայացրած հրաժարականը և որոշել Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Գեղամ Գևորգյանին հատկապես վերջին ամիսներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ նրա գործունեությունը որպես բուհի կառավարիչ ապահովել է ԵՊՀ-ում կառավարման կայունության և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու իրավական գործընթաց:

«Պարոն Գևորգյանն այս ընթացքում դրսևորել է համալսարանականին վայել կեցվածք` մինչև վերջ հավատարիմ մնալով Երևանի պետական համալսարանի շահերին»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Գեղամ Գևորգյանը, ամփոփելով ռեկտորի պաշտոնակատարի իր աշխատանքային մոտ երկու տարվա բարդ փուլը, նշել է, որ այդ ընթացքում կատարած քայլերը տեղին են եղել և ինքը դրանց համար չի ափսոսում:

Ռեկտորի նոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ԵՊՀ ստորաբաժանումների, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների հետ` հասկանալու համար բոլոր մտահոգությունները:

«ԵՊՀ-ն պետք է լինի քաղաքական և կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից զերծ կրթական հաստատություն: Այդ կարգի բոլոր խնդիրները պետք է մնան անցյալում»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՊՀ բոլոր նախկին ռեկտորներին` նշելով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել բուհի զարգացման գործում:

«Գիտական մտքի աջակցության, քննադատության և մտահոգության անհրաժեշտությունը միշտ լինելու է, որովհետև միայնակ կամ մի քանի հոգով հնարավոր չէ բուհի զարգացում ապահովել: ԵՊՀ-ն պետք է դառնա բարձրագույն կրթության առաջատարը, և այդ նպատակով առաջին հերթին պետք է ստեղծվի կրթության որակի և ակադեմիական մթնոլորտի բարելավմանը միտված միջավայր»,- նշել է Հ. Հովհաննիսյանը` նշելով, որ ինքը բաց է քննարկումների և առաջարկների համար:

Ամփոփելով հանդիպումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ ԵՊՀ-ում ընթացող գործընթացները եղել և մնալու են բացառապես օրինականության դաշտում: ԵՊՀ ժամանակավոր խորհրդի առաջնային խնդիրը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորումն է, որից հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթը:

Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպումից հետ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: