Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը։ Պատճառը կասկածն է, որ Իրանից ՌԴ ուղարկվող ծաղիկները կարող են իրականում հայկական ծագում ունենալ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ 2026 թվականին Իրանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես ապրանքի ծագման երկիր նշված է Իրան, սակայն Ռոսսելխոզնադզորը պնդում է, որ արտադրանքի արտաքին հատկանիշներն ու փաթեթավորումը նույնական են այն ծաղիկներին, որոնք նախկինում ներկրվում էին Հայաստանից։
Ռուսական կողմը հիշեցնում է, որ 2026 թվականի մայիսի 22-ից Ռուսաստանում արգելված է Հայաստանից ծագող և Հայաստանից ուղարկվող կտրած ծաղիկների ներմուծումը։ Ռոսսելխոզնադզորի փոխանցմամբ՝ Իրանի կողմն այդ սահմանափակումների մասին տեղեկացվել էր, սակայն պատասխան չի ստացվել։
Գերատեսչությունը նշում է, որ Իրանից ծաղիկների հավաստագրումը դադարեցնելու խնդրանքը ներկայացվել է մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և հարցի պարզաբանումը։ Ռոսսելխոզնադզորը դա հիմնավորում է Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների ֆիտոսանիտարական անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությամբ



















