Հայաստանը, որն իրենց հետ «բերել» են հնդիկները

Հայաստանը, որն իրենց հետ «բերել» են հնդիկները
Հայաստանը, որն իրենց հետ «բերել» են հնդիկները

Հնդիկներին Հայաստանից արտաքսելը վատ միտք չէ, պայմանով, որ դրա այլընտրանքը գազախցիկն է, մենք էլ՝ ֆաշիստ ենք: Հայտարարենք այդ մասին ու անցնենք գործի:

Բայց մինչ այդ ընդունենք ի գիտություն Ղազախստանից հայերին արտաքսելու կոչերը, Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների հանդեպ ժամանակ առ ժամանակ ծավալվող անհանդուրժողականությունը: Բոլորին կարելի է արտաքսել ամեն տեղից, եթե ինքն իր «տաշտակում» չէ: Բայց նախապես ասեք, որ ձեր դրախտի մեջ ձեզնից բացի ոչ ոք ապրելու իրավունք չունի:

Ինչո՞ւ հնդիկները չպետք է աշխատեն Հայաստանում, եթե հայաստանցին աշխատում է Ռուսաստանում: Ես հասկանում եմ, որ բողոքում է մնացող քաղաքացին, ոչ թե փախչողը, բայց վա՛յ մեզ, որ մնացողը ֆաշիստ է: Ես հասկանում եմ նաև, որ բողոքողի դարդը դեմոգրաֆիական է, ինքը մեկ-երկու երեխա է ունենում, մինչդեռ հնդիկը Հայաստան է գալիս 5-6 երեխայով: Եվ ուզում է ապրել ու աշխատել այստեղ: Իր երկիրն իրեն չի հերիքում կամ չի առաջարկում այն, ինչ, ըստ իրեն, կարող է առաջարկել Հայաստանը: Ահա այստեղ երևում է, որ խնդիրը հնդիկի մեջ չէ, խնդիրը մեր աշխատաշուկայի փիլիսոփայությունն է: Մի օր հասնելու էինք սրան:

Հնդիկը համաձայն է մեզ մոտ աշխատել մի գնով, որով մենք ինքներս չէինք համաձայնի աշխատել, նա աշխատուժի դեմպինգ է իրականացնում: Եվ ամենուր է այդպես՝ դրսից եկողը, որը գրանցում չունի, աշխատաշուկայի գին է գցում: Եթե նրան գրանցեն, և նրա աշխատանքը հարկային մարմիններում երևա, դեմպինգը չի կայանա:

Եվ եթե գրանցեն, էդ հավասարությունն արդեն մեր աշխատասիրության օգտին չի խոսի, հնդիկը, միևնույն է, կուզի աշխատել: Որովհետև ինքը մտնում է իրավահավասարության դաշտ, որտեղ արդեն ունի մեզ հավասար իրավունքներ:

Մենք ինչո՞ւ ենք մեր փոքրության բարդույթները փաթաթում արագ ծավալվող ազգերի գլխին: Նրանք այստեղ օդ ունեն շնչելու, մեծ պահանջներ չունեն, կարծես թե տպավորված են մեզնով: Նախորդ իշխանությունների ժամանակ նման բան հնարավոր չէր մեզ մոտ, նժդեհականությունն ինչ-որ կերպ կմատներ ֆաշիստի մեր բարդույթները: Հիմա կարծես թե հեղափոխություն ենք արել և հռչակել, որ հավասար ենք ազատատենչ բոլոր ազգերի նման: Հեղափոխությունից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել:

Ամբողջ Եվրոպան է այս ճանապարհով անցել: Վատիկանում զբոսաշրջության գուրուները հնդիկներն են, Հռոմի բրենդային բոլոր խանութների անվտանգության պատասխանատուները աֆրիկյան ծագումով մարդիկ են, կներեք ձևակերպման համար՝ քյոմուր սև, բայց ոչ ոք նրանց ծուռ չի նայում:

Մինչդեռ իտալացիներին ամենահանդուրժող ժողովուրդը չես ասի: Բայց երկար տարիներ ամենաակտիվ միգրացիոն քաղաքականությունն էին իրականացնում, մինչև հասկացան, որ տնտեսապես չեն ձգում, մարդասիրությունը ավելի վատ վիճակում է դնում այդ մարդկանց, ուղղակի միջոցներ չկան փախստականներին ինչ-որ նվազագույն պայմաններով ապահովելու:

Հայաստան են գալու տարբեր երկրների քաղաքացիներ: Գալու են լավ կյանք փնտրելու: Եվ ինչքան մենք այդ կյանքը փնտրենք եվրոպաներում, ռուսաստաններում ու ամերիկաներում, այնքան նրանց ավելի մեծ իրավունքներ ենք տալու նույնը գտնել Հայաստանում:

Որովհետև այդպիսին է կյանքը, ընկերներ: Գուցե մեր կյանքն իսկապես լավը չէ, ինքս էլ չեմ հասկանում, թե ինչո՛ւ է հնդիկներին թվում, թե այստեղ ավելի լավ է լինելու, բայց թող գան ու գուցե թող համոզվեն, որ դա չէր իրենց փնտրածը: Կամ համոզվեն հակառակում՝ որ Հայաստանում հնարավոր է ապրել արժանապատիվ:

Բայց ես ինքս ինձ չեմ նախանձի, եթե հնդիկի այստեղ գտած արժանապատիվ կյանքը կգերազանցի իմին: Նշանակում է, նա այստեղ ավելի մեծ հնարավորություններ է գտել, քան՝ ես, որ այստեղ եմ մեծացել ու ապրել: Նշանակում է, նրա արժանիքները իմ ուղեցույցն են վերաբացահայտելու այն Հայաստանը, որն իրենց հետ «բերել» են հնդիկները:

Մհեր Արշակյան

MediaLab.am