Մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

Մարտի 19-ին տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մինչ քվեարկությունը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Սրբուհի Գևորգյանը ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Նա առանձնացրել է բուհի զարգացման առաջնահերթությունները, ներկայացրել առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները:

Քվեարկությունից հետո բուհի խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և նշել, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»: