«Արցախում խառն է դրությունը, եթե Հայաստանում հանրաքվեն հետաձգվում է, այստեղ էլ ընտրությունները պետք է հետաձգվեն». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, Արցախի Հանրապետությունում նախօրեին տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի։ Ովքե՞ր են եղել, ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչները, և ի՞նչն է եղել պատճառը։

– Արթուր Օսիպյանն (Արցախի հեղափոխական կուսակցություն) է փակում փողոցը։ Նրա նպատակը Բակո Սահակյանի հրաժարականն է, որն անտրամաբանական է, քանի որ 8 օր է մնացել նրա կառավարմանը։ Այստեղ հնարավոր է՝ այլ հեռահար նպատակ լինի։ Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Արթուր Օսիպյանը չի հասկանում, որ անտրամաբանական է նման մի բան պահանջել։

 – Պարո՛ն Բադասյան, այն ժամանակ, երբ դուք փակում էիք փողոց, պահանջում էիք, նա միացա՞ծ էր ձեզ։

 – Ո՛չ, միացած չէր։ Ինքն ընդամենը մի քանի ամիս է, որ ընդդիմադիր կեցվածք է ընդունել։ Հիմա Արցախում խառն է դրությունը։ Մի ժամանակ միայն ես էի ընդդիմադիր և տխուր էի։ Հիմա շատացել են, բայց ես էլի տխուր եմ, որովհետև շատ ընդդիմադիրներ ուղղակի դիմակներ հագած են, և չես իմանում՝ դիմակի տակ ի՛նչ է։ Եթե ամեն մեկին փորփրես, տակը ինչ-որ բան կտեսնես, որ իշխանության կողմից կազմակերպված է։ Այսօր մեր իշխանություններն ուզում են վերարտադրվել։ Գիտեն, որ ժողովուրդն արդեն իրենց չի ուզում, իրենք էլ ցանկանում են ամեն կերպ վերարտադրվել։ Իսկ դրա միակ ձևը ընդդիմադիրի դիմակի տակ վերարտադրվելն է, ինչն էլ անում են։   

 – Պարո՛ն Բադասյան, իսկ այս իրավիճակում ընդհանրապես նպատակահարմա՞ր էր ընտրություն անցկացնելը։ Ինչո՞ւ Արցախի իշխանությունը չգնաց, օրինակ՝ արտակարգ դրություն հայտարարելու ճանապարհով։ 

– Նպատակահարմար չէ իհարկե։ Ես րոպեներ անց համապատասխան հայտարարություն կտամ դրա վերաբերյալ։ Հայաստանում արտակարգ դրություն է, և կան որոշ արգելքներ ընտրություններ անցկացնելու համար։

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս իրավիճակում համառում են, ասում են, որ կորոնավիրուս չկա, և ընտրությունների օրը չի փոխվի։

– Ես շուտով իմ հայտարարության մեջ մանրամասն կասեմ։

 – Արդեն դեպքեր կա՞ն Արցախում։

 – Ո՛չ, խոսքը ոչ թե դեպքերի մասին է, այլ Հայաստանում արտակարգ դրության, որն ուղիղ համեմատականորեն կապված է Արցախի հետ։ Այստեղ չի կարելի տարբերություն դնել, որովհետև կապը կա, շփումը կա, մեքենաները, այդ թվում՝ սնունդ տեղափոխող, ամեն օր գնում-գալիս են, և եթե Հայաստանում հանրաքվեն հետաձգվում է, այստեղ էլ ընտրությունները պետք է հետաձգվեն։ Մենք շուտով սրան մանրամասն կանդրադառնանք։

– Իսկ ի՞նչ նպատակ ունեն, օրինակ՝ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունները, թե Արայիկ Հարությունյանն առաջին տեղում է։ 

– Նպատակն է ուղղորդել, որ իշխանությունը հաղթանակած դուրս գա։ Եթե Արայիկ Հարությունյանը հաղթի կամ Մասիս Մայիլյանը, դա դառնում է իշխանության հաղթանակը։ 

– Իսկ հնարավո՞ր է՝ ընդդիմությունը միավորվի, թե՞ ընդդիմություն չկա։

– Թե 14 թեկնածուներից ով է ընդդիմությունը, ժողովուրդը կհասկանա միայն ամիսներ հետո։ 

– Պարո՛ն Բադասյան, իսկ այս վիճակում արժե՞ր մասնակցել ընտրություններին։ 

– Դրա համար մենք քննարկում ենք։

– Հնարավո՞ր է վերջին րոպեին հրաժարվեք։

– Ո՛չ, ընտրություններին ամեն դեպքում մասնակցելու ենք մինչև վերջ։ Բայց ընտրությունների վերաբերյալ մեր կարծիքը կարտահայտենք հայտարարության մեջ, որին կարող եք մեկնաբանությունների համար անդրադառնալ։ 

Մանե Հարությունյան