Բացահայտվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպը. մեկ անձ ձերբակալվել է

2020 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է և կրակոցներ են արձակվում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում, մի խումբ անձանց միջև, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից մեկը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է, հայտնաբերվել և  ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր և 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին