«Այս մեծամիտ, ամբարտավան կեցվածքը, որն ունի իշխանությունը, բացարձակապես չի նպաստում կոնսոլիդացիային». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, քանի որ արդեն որոշ չափով հայտնի է, թե այդքան քննարկված հանդիպման ժամանակ ինչ են քննարկել հայկական երկու պետության նախկին նախագահներն ու Վեհափառը, որովհետև հանդիպման մասնակիցներից երկուսը՝ առաջին և երկրորդ նախագահները, հանդես եկան համապատասխանաբար հարցազրույցով ու մամուլի ասուլիսով, պարզ է նաև, որ կողմերն ունեն տարբերվող մոտեցումներ իրավիճակից դուրս գալու ելքերի մասով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ի՞նչ կարող ենք ակնկալել Վեհափառ-նախկին նախագահներ ձևաչափից:

– Շարունակում եմ մնալ տեսակետիս, որ Վեհափառի ու նախկին նախագահների հանդիպումների ձևաչափը դրական է, որովհետև դա կոնսոլիդացիայի տանելու ճանապարհներից մեկն է, բայց դատելով երկու նախկին նախագահների հրապարակային խոսքից՝ նախկին լավատեսությունը չունեմ: Ես տեսա տրամագծորեն հակառակ մոտեցումներ, որոնք ներդաշնակեցնելու մեխանիզմ, անկեղծ ասած, չեմ տեսնում, որովհետև միմյանց համոզելու խնդիրը նույնիսկ անիմաստ է քննարկել:

Ինձ համար ավելի իրատեսական, բնականաբար, և քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից ավելի ընդունելի է թվում առաջին նախագահի տեսակետը, որովհետև նա ասում է, որ երկրի ներսում իսկապես ազգային կոնսոլիդացիայի կարիք կա:

Այստեղ սխալ է մեկնաբանվում, թե Տեր-Պետրոսյանն առաջարկում է կոնսոլիդացվել Փաշինյանի շուրջը, բացարձակապես սխալ է: Առաջին նախագահն ասում է, որ Փաշինյանը պետք է ներկայացնի՝ ով ինչ է մեզնից պահանջում, բոլորս փորձենք պատասխանատվություն ստանձնել մի լուծման համար, որն ամենաքիչն է վտանգավոր կամ ցավոտ Հայաստանի համար:

Ես բազմիցս եմ ասել, որ այս պարագայում մենք այլընտրանք չունենք ու պետք է գնանք խաղաղության Ադրբեջանի հետ, որովհետև միակ ձևն է դա, որ այս պահին կարողանանք պատերազմի ռիսկը չեզոքացնել ու մեր պետությունը հեռու պահել կոլապսից:

Սա ռացիոնալ ճանապարհ եմ համարում, իսկ Քոչարյանի տարբերակը, եթե շատ կարճ ձևակերպեմ՝ նա մերժում է խաղաղության պայմանագրի գաղափարը, միևնույն ժամանակ ասում է, որ մեր պաշտպանական կարողությունները չեն բավարարում, որ դաշնակիցներ՝ որպես այդպիսիք չկան այս պահին, նշանակում է՝ դու դուռ ես բացում Ալեքսանդրապոլ 2-ի առաջ, որը շատ վտանգավոր կարող է լինել:

Եթե Քոչարյանը իր ներքաղաքական օրակարգն է կարևորում թեկուզ Ալեքսանդրապոլ 2-ի գնով, ես նման անպատասխանատու քաղաքական գծի տակ երբեք չեմ ստորագրի: Ես էլ եմ խիստ քննադատաբար մոտենում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բայց ամեն գնով իշխանություն փոխելու այդ մարմաջը համարում եմ խիստ վտանգավոր:

Առկա հակասությունների պարագայում ի՞նչ ներքին ու արտաքին զարգացումներ են սպասելի:

 – Եթե մենք ներքաղաքական լայն կոնսոլիդացիա չապահովենք, որը, կրկնում եմ՝ Փաշինյանի շուրջ կոնսոլիդացիա չէ, հանրապետությունը պաշտպանելու շուրջ է, ապա Ադրբեջանի ագրեսիվ ախորժակն ավելի է բացվելու, որովհետև նա գիտի, որ Ռուսաստանը Ուկրաինայի պատճառով չի կարողանալու զսպել իրեն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, այո՛, շատ կարևոր ու հասցեական հայտարարություններ են անում մեզ համար, բայց գործի չեն դնում, ու դրա նշաններն էլ չկան, պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմները, Իրանն էլ գտնվում է ներքին հուզումների հորձանուտում:

Պարո՛ն Սուրենյանց, տրվելիք հարցը երկրորդ նախագահը ևս իր ասուլիսի ժամանակ հնչեցրեց՝ իսկ իշխանությունն ուզո՞ւմ է այդ կոնսոլիդացիան լինի, քայլեր անո՞ւմ է դրա համար:

– Իշխանությունն էլ պատրաստ չէ այդ կոնսոլիդացիային, ցավոք: Այս մեծամիտ, ամբարտավան կեցվածքը, որն ունի իշխանությունը, բացարձակապես չի նպաստում կոնսոլիդացիային: Առաջին հերթին իշխանությունը պետք է կոնսոլիդացնի, թիվ մեկ պատասխանատվությունը հենց իրենց վրա է:

Իսկ ինչո՞ւ չի ուզում կոնսոլիդացիայի գնալ:

– Իշխանությունը չի ուզում խիզախել. Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ մարտահրավերի առաջ է կանգնած պետությունը, բայց գերադասում է քաղաքական խիզախություն չդրսևորել, այսինքն՝ հասարակության ու քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիայի դուրս չգալ՝ գերադասելով, որ ժողովուրդն անելանելիությունից դրդված հակվի զիջումների գաղափարին, օրինակ՝ ադրբեջանական բանակի շարունակական ագրեսիաները ժողովրդին բերեն անելանելի այնպիսի վիճակի, որից հետո ժողովուրդը պատրաստակամություն հայտնի գնալ զիջումների:

Սա քաղաքական անպատասխանատվության դասական օրինակ է: Փաշինյանը չի համարձակվում անկեղծ խոսել մարդկանց հետ, և ժողովրդին ինչ-որ դիրքորոշման հակելու «առաքելությունը» թողել է ադրբեջանական ագրեսիայի վրա:

Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք ընդդիմություն, որը մտածում է, որ այլ ճանապարհ չունի իշխանության գալու, քան Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն կամ այնպիսի քայլը, որը հունից կհանի ժողովրդին:

Եթե իշխանությունը պատրաստ չէ այդ կոնսոլիդացիային, ենթադրենք, թե նախկին նախագահները համաձայնում են գնալ այդ քայլին, որքանո՞վ դա իրատեսական օրակարգ կարելի է համարել, եթե ակնհայտ է, որ մի կողմը չի ուզում գնալ կոնսոլիդացիայի:

– Հիմա գործընթացը շատ պարզ ցույց կտա՝ իրականում ո՛ր կողմերը չեն ուզում կոնսոլիդացիա, մենք այսօր տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանը կոնսոլիդացիա չի ուզում:

Ուզում է, բայց ուրիշ նպատակի ծառայող կոնսոլիդացիա:

– Բայց դա արդեն կոնսոլիդացիա չի լինում, խնդիրը տեղափոխվում է ներքաղաքական հարթություն: Առայժմ արտահայտվել է Քոչարյանը, որը ես բացասական եմ համարում, բայց իշխանության կողմից էլ որևէ դրական ազդակ չեմ տեսնում:

– Ձեր դիտարկմամբ՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահների առաջարկած կոնսոլիդացիաները իրականություն կդառնա՞ն:

– Ցավոք սրտի՝ ո՛չ: Առաջին նախագահի առաջարկած կոնսոլիդացիան իրականություն չի դառնա, որովհետև ռացիոնալ մտածողության դեֆիցիտ կա Հայաստանում, իսկ երկրորդ նախագահինը՝ որովհետև առաջին պլան է բերում ներքաղաքական դիսկուրսը՝ հետ մղելով անվտանգային խնդիրները, իսկ հասարակության մեծ մասն այսօր անվտանգային խնդիրների շուրջ համախմբվելու անհրաժեշտություն է տեսնում:

Այդ դեպքում ի՞նչ ելք կարող է լինել:

– Ես առայժմ կսպասեմ Վեհափառի ու նախագահների երկրորդ հանդիպմանը, որի հույսն ունեմ: Եթե առաջիկա 5-10 օրում այս տխուր վիճակը չփոխվի, յուրաքանչյուրս ստիպված պետք է ելքեր առաջարկենք, ես ելքի իմ տարբերակը կփորձեմ առաջարկել: Ունեմ պլան Բ-ի իմ տեսլականը, բայց եթե հիմա դա հրապարակայնացնեմ, օբյեկտիվորեն մեղադրվելու եմ ինչ-որ գործընթացներ վիժեցնելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am