Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման հետ կապված իրավիճակին՝ նշելով, որ էներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ պետք է իրականացվեն առանց սահմանափակումների, իսկ Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական երկխոսություն պետք է սկսվի։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ի երեկոյան վերականգնվել էր Արցախ գազի մատակարարումը, սակայն հուլիսի 9-ին կեսօրին ադրբեջանական կողմը կրկին լրիվ անջատել է այն:

«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ: Ինչպես բազմիցս կրկնել է Եվրամիությունը, չափազանց կարևոր է, որ էներգայի մատակարարումները վերականգնվեն առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի՝  նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: Եվրամիությունը անհամբերությամբ սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»,- գրել  է Կլաարը։