Հայտնի է կորոնավիրուսից մահվան վտանգը մեծացնող նոր գործոնը

Հեղինակ MediaLab

Արյան մեջ շաքարի բարձր տոկոսը կրկնապատկում է կորոնավիրուսի ծանր տեսակում մահվան հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է չինացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Diabetologia ամսագրում:

Մասնագետների եզրակացությունները հիմնված են հունվարի 24-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հոսպիտալացված Ուհան քաղաքի ավելի քան 600 բնակիչների հիվանդության պատմությունների վրա:

Գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի համեմատաբար բարձր մակարդակ ունեցող մարդիկ վիրուսով պայմանավորված բարդություններից 2,3 անգամ ավելի հաճախ են մահացել, քան մյուս հիվանդները:

Մասնագետները նշում են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է թրոմբների և բորբոքումների ձևավորմանը, ինչպես նաև վատացնում է անոթների աշխատանքը: