Ռազմաքաղաքական դաշինքներն արդյունավետ են բացառապես պետությունների ինքնապաշտպանական ներուժին լրացնելիս․ Պետրոսյան

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ռազմաքաղաքական դաշինքներն արդյունավետ են բացառապես պետությունների ինքնապաշտպանական ներուժին լրացնելիս։ Վերջին շրջանում հատկապես ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք մուտք գործելուց հետո, պարբերական սահմանային սադրանքների համատեքստում, մեզանում օբյեկտիվորեն և իրավացիորեն քննադատական զգալի տրամադրություններ ուղղվեցին ՀԱՊԿ ուղղությամբ, որն իր գործառույթների հիմքով պետք է առարկայական քայլերի դիմեր անդամ երկրի անվտանգության պաշտպանության ուղղությամբ։

Ասել է, թե՝ ՀԱՊԿ ձևական ու «թատերական» դերակատարումը որակվեց իբրև կազմակերպության տապալում, սնանկություն։ Այս օրերին Աֆղանստանում ծավալվող զարգացումներն անգամ արևմտյան քաղաքական ու վերլուծական որոշ շրջանակներ ուղղակիորեն գնահատում են՝ որպես ՆԱՏՕ-ի «անփառունակ փախուստ», «խայտառակ պարտություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Ասել է, թե՝ շատ ավելի հզոր և լուրջ ներուժ ունեցող ՆԱՏՕ-ի ձախողում, տապալում։ Ինչ խոսք, միանշանակորեն, զուգահեռները համադրելի չեն, բայց համեմատելի են 2 մրցակից ռազմաքաղաքական դաշինքների համար ստեղծված խնդրահարույց իրավիճակները։ Այո, Աֆղանստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց այնտեղ ձևավորված կառավարությունն էր ՆԱՏՕ-ի գործընկերը, հովանավորյալը։

Եվ, ի վերջո, ինչպես ընդունված է նման արտաքին ներխուժումների վերջնարդյունքի տրամաբանությամբ, սեփական երկրի, իշխանության առանցքային պատասխանատուն հենց դաշնակիցների հովանավորյալ Աֆղանստանի կառավարությունն էր, ԶՈւ-երը, որոնք և խայտառակ կերպով պարտվեցին։ Հետևաբար, Հյուսիսատլանտյան դաշինքի համար ստեղծված իրավիճակը երևի թե կարելի է բնութագրել հետևյալ պայյմանական բանաձևմամբ՝ «ՆԱՏՕ-ն պարտվեց սեփական դաշնակցի պարտությամբ»։

Այսինքն՝ լրացնող տրամաբանությամբ՝ ՆԱՏՕ-ն հաղթած կլիներ և շատ ավելի վաղ Աֆղանստանից հեռացած կլիներ, եթե շատ ավելի կենսունակ և ազդեցիկ լոկալ գործընկեր չձևավորեր, այլ ունենար։ Վերջում դարձյալ վերադառնանք մեր խնդիրներին։ Որքան էլ ազդեցիկ, հզոր, բովանդակային լինեն Հայաստանի ընտրած ռազմաքաղաքական դաշինքը, դաշնակիցները, միևնույն է՝ մեր սահմանների պաշտպանության առանցքային պատասխանատուն հայ ժողովուրդն է, հայոց բանակն ու նրանց ամբողջացնող հայկական պետականությունը։

Այսինքն, ընտրված դաշնակից Ռուսաստանի և Հայաստանում նրա ԶՈւ-երի թիկունքում (վստահաբար ժամանակավոր) պետք է առանց ակնթարթ անգամ կորցնելու վերականգնվի իրապես մարտունակ հայկական բանակը, տրամաբանորեն նաև հայկական պետությունը։ Իսկ այլընտրանք պարզապես չկա, պարզապես տարածաշրջանն է այդպիսին, որոշ հարևաններն էլ՝ հավակնոտ ու թշնամի։ Եվ որպես հետգրություն՝ ռազմաքաղաքական դաշինքները համադրելի շահերի ամբողջացում են, իսկ պետության ինքնապաշտպանական ներուժը նրա և այն ձևավորած ժողովրդի գոյության իրավունքի իրացում։ Սա պետք է լինի ելակետը»։