Այսօրվա որոշումը ցույց տվեց, որ դատարանները ընդհանրապես հեռու են արդար որոշումներ կայացնելուց, որ կախյալ են. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան, փաստաբան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերացնել Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը՝ սահմանելով վարչական հսկողություն և գրավ 2,5 միլիոն դրամի չափով: Որոշումն ինչպե՞ս եք գնահատում, հաշվի առնելով այն, որ ընդամենը օրեր առաջ պաշտպանական թիմի նույն փաստարկները դատարանը բավարար չէր համարել նման վճիռ կայացնելու համար:

– Այս որոշումն ակնհայտ հանրային ճնշման արդյունք է, ու եթե չլիներ հանրային ճնշման տարրը, վստահ եմ, որ դատարանը շարունակելու էր նույն գործընթացը ու ինչ-որ տեղ նաև կոշտացնելու էր իր գործունեությունը հետագայում այլ անձանց նկատմամբ ու որևէ կերպ չէր ընդունելու, որ խտրական վերաբերմունք է դրսևորվել, ու անձին ոչ իրավաչափ պահում է անազատության մեջ: 

Ինչ վերաբերում է փաստարկներին, այո՛, դրանք չեն փոխվել, ու ստացվում է, որ դատարանը միայն կամայական է դիտարկում, ու նաև իր հիմնավորումներն իրականացվում են ստանդարտ կերպով ու որևէ հստակ ձևակերպում, որը վերաբերում է հենց անձի հետ կապված խափանման միջոցին, դատարանը չի կարողանում ներկայացնել: Ուստի այստեղ ամբողջովին խտրական վերաբերմունք էր գործում, ու դա ապացուցվեց նաև այսօրվա որոշմամբ: 

– Հաշվի առնելով այսօրվա որոշումը՝ հանրությունը կարո՞ղ վստահություն ունենալ իշխանության այն պնդումների նկատմամբ, թե դատական համակարգն այսօր անկախ է ու որոշումներ է կայացնում՝ բացառապես հիմնվելով փաստերի վրա:

– Մենք կարող ենք փաստել, որ դատական համակարգն ուղղակի փորձում է ամենակոշտ մեթոդները կիրառել ու նաև փորձարկում է հանրության արձագանքը՝ որքանով է հանրությունը զգայուն անարդարության հետ կապված խնդիրների նկատմամբ, որքանով է կարողանում ճանաչել անարդարությունը, որքանով ունի դեռևս բավարար իմունիտետ ճանաչել անարդարությունը ու դիմադրություն ցույց տալ: Այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, հանրային կարծիքը մնաց արդարության համար պայքարող: 

Ես նաև ուզում եմ հիշեցնել նույնատիպ, իհարկե քաղաքական չէր, կալանքի կիրառում էր մանկահասակ երեխայի մոր նկատմամբ, որը հայտնվել էր քրեակատարողական հիմնարկում, սրան ևս հանրությունը բավական զգայուն արձագանք տվեց, որտեղ քաղաքական ենթատեքստ չկար որպես այդպիսին, բայց դատարանի ոչ զգայուն մոտեցմանը զգայուն արձագանք տվեց, ու դա շատ լավ է, դա նշանակում է, որ հանրության բավական լուրջ հատվածի մոտ դեռևս կան առողջ հատիկներ, ու առողջ արձագանքի հնարավորություն դեռևս ունենք:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ասում եք, որ անարդարությանը արձագանքելու տեսանկյունից լավ է, բայց լա՞վ է, որ դատարանները հանրության դիմադրությունից հետո են միայն փոխում այս կամ այն որոշումը:

– Չէ, լավ չէ, շատ վատ է: Սա շատ լավ է հանրության տրամադրությունները չափելու ու հանրության դիմադրողականության պահանջարկը հասկանալու համար, բայց շատ վատ է իհարկե դատարանների համար, որովհետև ցույց է տալիս, որ դատարանները ընդհանրապես հեռու են արդար որոշումներ կայացնելուց, նաև ցույց է տալիս այն հանգամանքը, որ դատարանները դեռևս կախյալ են, այդ իսկ պատճառով փաստարկված չեն նրանց որոշումները: Կախյալ են հանրային կարծիքից, եթե դատարանը կարողանար հստակորեն հիմնավորել իր որոշումը ու կարողանար այդ որոշման մեջ ռացիոնալ հիմքեր ցույց տալ, ու դրանք արդարացված լինեին, ապա հանրային որևէ ճնշում, կարծիք չէին կարող առաջացնել ազդեցություն դատարանի որոշման վրա: 

Հիմա մենք տեսնում ենք, որ դատարանի որոշումներն այնքան խոցելի են, այնքան անհիմն, այնքան խտրական, որ մի քանի օրվա ընթացքում փոփոխվեց, ընդ որում՝ նույն դատարանի, նույն դատավորի ու նույն փաստարկների հիման վրա կայացվեց այլ որոշում: Սա խոսում է դատական համակարգի վիճակի մասին, որ այն շատ հեռու է արդար որակվելուց, շատ հեռու է անաչառ ու ոչ խտրական որակվելուց: Սա մեծ ազդակ է, որ աչալրջորեն պետք է հետևենք դատական գործընթացներին, մեկ օր անգամ չպետք է աչք թարթենք, մենք ամենօրյա ռեժիմով պետք է հետևենք դատական համակարգի գործունեությանը ու հետևողական դիմադրություն ցույց տանք: 

– Այսինքն՝ վստա՞հ եք, որ եթե չլիներ հանրային ճնշում, ապա Լիդյա Մանթաշյանը շարունակելու էր մնալ կալանքի տակ:

– Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, եթե չլինեին այդ մատնանշումները, որ որոշումը խտրական է ու թիրախավորող տվյալ անձին, չէր լինի նաև այս որոշումը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am