Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է. FIP.am

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞ քաղաքացու է մեղադրանք առաջադրվել, նրանցից քանի՞սն են ձերբակալվել կամ կալանավորվել։

Ի պատասխան մեր հարցման, Դատախազությունից հայտնում են, որ 2021-ի նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի սադրած ռազմական միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։ 

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել վերը նշված զինծառայողներին որպես մեղադրյալներ ներգրավել՝ դարձյալ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հաշվի առնելով մեղադրյալների՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այնուհետև, դատարանում բողոքարկման արդյունքում 5 մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է, և նրանք կալանքից դուրս են եկել։

Այսպիսով, 2022-ի փետրվարի վերջի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում գերությունից վերադարձած մեկ անձ։

Մինչ այդ, 2022-ի հունվարի 18-ին, որոշում է կայացվել քրեական գործից անջատել 3 մեղադրյալների վերաբերյալ գործը, որոնցից 1-ը եղել է գերությունից վերադարձած անձ։ Գործն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։ Իսկ գերությունից վերադարձած մյուս 5 զինծառայողների գործը գտնվում է նախաքննության փուլում։

«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Սիրանուշ Սահակյանը Fip.am-ի հետ զրույցում նշում է, որ գերության մեջ լինելու հանգամանքը պետք է հաշվի առնվեր կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս։

«Կալանքի համար կարևոր նշանակություն ունի իր՝ դատարանի առջև կանգնելուց խուսափելը և քննությանը խոչընդոտելը, հիմա այդ մարդիկ հնարավորություն են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակելով, տեղափոխվել երրորդ երկրներ, նրանք դա չեն արել՝ քաջատեղյակ լինելով քրեական սպառնալիքների մասին»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։ 

Ազգային անվտանգության ծառայությունից Fip.am-ին հայտնում են, որ փետրվարի 2022-ի փետրվարի 22-ի դրությամբ Ադրբեջանում գտնվում է 38 հայ գերի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ 

2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս Ադրբեջանից վերադարձել է 150 գերի, որոնցից 43-ը քաղաքացիական անձինք են։ Պատերազմից հետո գերիներից 1-ը տեղափոխվել է Լիբանան, բացի այդ՝ ևս 1 անձ գերությունից վերադառնալուց հետո իր ցանկությամբ տեղափոխվել է Ռուսաստան։

Փաստերի ստուգման հարթակ